‘«Ալ-Քաիդան» սպառնում է «փոխել պատմության ընթացքը»’

1139

Օգոստոսի սկզբին ԱՄՆ դեսպանատները Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում դադարեցրին աշխատանքը, քանի որ «Ալ-Քաիդան» մտադրվել էր այնպիսի ահաբեկչական հարձակում գործել, որը «կփոխել պատմության ընթացքը», այս մասին երեկ տեղեկացրել է Reuters-ը՝ հղում անելով Եմենի նախագահ Աբդ Մանսուր Հադիի հայտարարությանը: Նախկինում հաղորդվել էր, որ դիվանագիտական առաքելությունները փակվել են, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայություններին  հաջողվել էր գաղտնալսել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրիի և կազմակերպության եմենյան մասնաճյուղի ղեկավար Նասեր ալ-Վուհայշիի հեռախոսազրույցը, որի մանրամասները չէին հաղորդվում, միայն հայտնի էր, որ խոսքը խոշոր ահաբեկչական գործողության մասին է: Աբդ Մանսուր Հադին նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույցը գաղտնալսելուց հետո, ինչը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, Եմենի անվտանգության ուժերը երկու խոշոր ահաբեկչություն են կանխել երկրի տարածքում. «Ալ-Քաիդայի» գրոհայինները մտադիր էին երկու ավտոմեքենա պայթեցնել՝ յուրաքանչյուրում յոթ տոննա պայթուցիկ: Մի մեքենան պետք է պայթեր Եմենի հարավ-արևելքում նավթարդյունաբերական գործարանի մոտ, մյուսը՝ մայրաքաղաք Սանայում: Ըստ Եմենի նախագահի՝ դա «վախեցրեց» ամերիկացիներին, և նրանք օգոստոսի 1-ից ժամանակավորապես  դադարեցրին 19 դիվանագիտական առաքելությունների  աշխատանքը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում  և վերսկսեցին միայն օգոստոսի 11-ին, թեև նախապես որոշվել էր, որ դադարը կտևի մեկ օր: Եմենում ԱՄՆ դեսպանատունը աշխատանքները վերսկսեց բոլորից ուշ՝ օգոստոսի 18-ին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ստամբոլցյանի փոխարեն թութակներ կամ՝ գողը գոռում է՝ բռնեք գողին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսին մեղադրողների հանրահավաքներում հավաքվում է ընդամենը 1000 (+, -) մարդ’