‘Ախթալայում նոր պոչամբարի ծրագրերը հարուցում են բնապահպանների և գյուղացիների դժգոհությունը ‘

848

Մեծ Այրում գյուղի բնակիչները հանդես են գալիս Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման ծրագրերի դեմ: Այդ մասին հայտնել է համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, նոր պոչամբարը գտնվելու է Մեծ Այրում և Ճոճկան գյուղական համայնքների հարևանությամբ`զբաղեցնելով 40 հա տարածք: Միաժամանակ դրա կառուցման համար նախատեսվում է փոխել հողերի կատեգորիան`գյուղատնտեսականից արդյունաբերականի: Դուլգարյանն ընդգծել է, որ գյուղերի բնակիչներն առանց այդ էլ արոտավայրերի և վարելահողերի պակաս են զգում: 

Ըստ որում, նշվել է, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի`ներկայումս գործող Նահատակ պոչամբարի վիճակն առաջին տարին չէ, ինչ հարուցում է տեղի բնակիչների դժոհությունը: «Մեծ Այրումի բնակիչները գանգատվում են իրենց առողջական վիճակի վատթարացումից: Բացի այդ, օբյեկտի պահպանության նորմերը չպահպանելու պատճառով բազմիցս ընտանի կենդանիներ են ընկել պոչամբարը»,- պատմել է Դուլգարյանը:

Նրա խոսքով, Մեծ Այրումի բնակիչները հանդես են գալիս նոր պոչամբարի կառուցման դեմ: Այս տարի համայնքի ավագանու խորհուրդն արդեն երկու անգամ  գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան փոխելու հարցի շուրջ նիստ է անցկացրել: Հաջորդ քննարկումները նշանակված են փետրվարի 26-ին: «Տպավորություն է ստեղծվում, որ Մեծ Այրումի տեղական ինքնակառավարման մարմինները շահագրգռված են հարցի դրական լուծմամբ» նշել է նա: 

Դուլգարյանը նաև տեղեկացրել է, որ պոչամբարի նախագիծը բնապահպանաման փորձաքննության չի ներկայացվել: Հետևաբար` նախագծի շուրջ դեռ պետք է հանրային լսումներ անցկացվեն:

«Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանն իր հերթին նշել է, որ դեռ 2002 թ. Նահատակ պոչամբարում 2.5 մլն տոննա պոչ կար: Ինչպես նշվել է, 12 գյուղ գտնվում է պոչամբարից 2.5-8 կմ հեռավորութան վրա, ինչն աղտոտման վտանգի տակ է դնում իրենց վարելահողերն ու արոտավայրերը:

Նշենք, որ 2014 թ. ամռանը կոմբինատի նոր սեփականատեր է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն, ներկայում ԶՊՄԿ Խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը: Նախկինում Ախթալայի ԼՀԿ պատկանում էր «Մեթլ Փրինս ԷլԹիԴի»-ին, որը գրանցվել էր բրիտանական Նևիս կղզում և Հայաստանում գործունեությունն սկսել էր 2000 թվականին: 

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ-ն հայտարարել է ծանր սպառազինությունը դուրս բերելու մասին’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները Մոսուլում այրել են 10 հազար գիրք’