‘Ականջ կտրող Երանոսյանի հերթական «բլթոցը». մարդիկ հարբած էին ու ջարդում էին ոստիկաններին (մեկնաբանություն)’

2599

Ոստիկանության զորքերի տխրահռչակ Լյովա Երանոսյանը, ով ժամանակին սպառնում էր կտրել իր շեֆ Սերժ Սարգսյանին «բան ասողների» ականջները, իսկ երեկ էլ ղեկավարում էր Գյումրիում ցուցարարներին ցրելու օպերացիան, չի ուշացնում կատարել իրարամերժ, անհոդաբաշխ, եւ բացահայտ սուտ հայտարարություններ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, նա նախ հայտարարել է, որ երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: «Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,- հայտարարում է Երանոսյանը, իհարկե, քիչ անց «սթափվելով»՝ շարունակում, որ կատարվածից հետո մի շարք քննություններ են նշանակված, որը կպարզի այդ օրը կատարված ամեն ինչ, այդ թվում այն, թե արդյոք իրականում ցուցարարները ալկոհոլի ազդեցության տակ եղե՞լ են, թե՞ ոչ:
Ստացվում է՝ եթե պարզվի, որ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել, Երանոսյանը բացահայտ սուտ եւ մի քանի հազար քաղաքացիներին զրպարտող հայտարարություն է արել: Բացի դա, ստացվում է, որ դեռ քննությունը չավարտված, Երանոսյանը արդեն իսկ իր սեփական «դատավճիռն» է կայացրել, այսպիսով, թերեւս նաեւ կանխորոշելով քննության ընթացքը:

Այնուհետեւ, մեր օրերի «լավագույն ականջ կտրողը» նշում է, թե «ամբոխը ջարդում էր զորքին»: Նախ, սեփական ժողովրդին հարբեցող եւ ամբոխ անվանող մարդը որեւէ իրավունք չունի ոստիկանական համազգեստ կրելու: Բացի այդ էլ՝ խոստովանել, որ գլխավորած զորքը ջարդվել է, ոչ այլ ինչ է քան կատարած աշխատանքի ձախողման խոստովանություն, ինչը թերեւս անցած մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ ակնառու դեպքն է այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության ուժերը Գյումրու ոճրագործին ի զորու չեղան հայտնաբերելու եւ ձերբակալելու, ինչն էլ իր հերթին շղթայաբար հանգեցրեց Գյումրիում (եւ ոչ միայն) բողոքի ալիքի առաջացմանը: Բացի դրանից, երեկվա դեպքերի մասին պատմող տեսանյութերում ամենեւին էլ ջարդված զորք չի երեւում: Ոստիկանները եկել էին լավ պատրաստված, եւ ի դեպ, առաջինն էին սկսել սադրել մարդկանց` նախ փակելով ճանապարհները, ապա հատուկ միջոցներ կիրառելով:
Բայց սա էլ դեռ բավարար չէ ականջ կտրող Երանոսյանի համար:
«Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարերով և այլ առարկաներով հարվածել ու հարձակվել ոստիկանների վրա: 1 ժամ 10 րոպե զորքին ծեծում էին: Այդքանից հետո ո՞նց չէր կարող չլինել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն»,- ասաց Երանոսյանը՝ հավելելով. «Սակայն շատ քիչ հատուկ միջոցներ են կիրառվել, և դրանք չեն կիրառվել ժողովրդի մեջ: Ժողովրդի կողքերն են կիրառվել: Մենք հիմնականում ֆակելներ (լուսաձայնային ճայթռուկներ) ենք օգտագործել՝ շատ քիչ քանակությամբ և ո՛չ ժողովրդի մեջ»:
Դեպքերի ականատես բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողներ, մի շարք տեսագրություններ հաստատում են, որ պայթուցիկ նյութերը կիրառվել են հենց ցուցարարների մեջ, ինչի արդյունքում կան վիրավորներ, այդ թվում այրվածքներ ստացած: Բացի դա, դատախազությունից հյուպատոսարան գնալու եւ այդ ճանապարհին տեղի ունեցած բախումը տեւողությամբ այնքան երկար չէր, որ դրանից միայն մեկ ժամից մի քիչ ավելին տեւեր ոստիկաններին իբր ջարդելը: Էլ չասած, որ ոչ մի ոստիկանական ջարդի կադր երեկ ոչ մեկ այդպես էլ չի տեսել: Հակառակը` որքան կուզեք: Այդ որտե՞ղ է թաքուն ծպտված եղել ոտիկանական զորքը, որին ավելի քան մեկ ժամ ջարդել են, բայց ոչ ոք դրան ականատես չի եղել: Եթե Երանոսյանը նման բան է պնդում, ապա ուղղակի պարտավոր է ապացույցներ ներկայացնել: Հիմնավոր ապացույցներ:
Եթե, իհարկե, այդպիսիք գտնվեն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ Էրդողանին. Ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպանները մարդկության դեմ հանցանքի մեղադրանք են ներկայացրել«Բոկո Հարամ»-ին’