‘Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է վրաց-ռուսական սահմանին’

600

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով: 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:

Պարզվել էր նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:

Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Ըստ Ոստիկանության կայքի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի  և Տավուշի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վրաստանի իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ռուս-Վրացական սահմանային անցակետը հատելու ժամանակ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ծառայողներին է հանձնվել 1983 թ. ծնված Արա Մ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին:

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 00.05-ի սահմաններում, Ակունք գյուղի բնակիչ Արա Մ.-ն նույն գյուղում գտնվող  ռեստորանի մոտ, ապօրինի ձեռք բերած ինքնաձիգից, կրակոցներ է արձակել Հարություն  Հայրապետյանի և Կամսար  Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս ստացել են հրազենային վնասվածքներ և մահացել:

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է Լուսակունք-Խաչաղբյուր գյուղերի ճանապարհի խաչմերուկում գտնվող ալեհավաքի մոտից:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Արա Մ.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Սերժ Սարգսյանի հայրը’
Հաջորդ հոդվածը‘Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հետ’