‘
Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Այդ մասին ասվում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«Մեր գնահատմամբ՝ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:
Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը եւ մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:
Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար նախաձեռնությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում ակցիա էր կազմակերպել: Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ներկայացրին առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները եւ ծանոթացրին առաջիկայում նախատեսված գործողություններին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաեւ ներկայացրեց նախաձեռնության մանիֆեստը եւ Թեղուտի պայքարի սկզբունքները:
Հավաքվածները Մաշտոցի պուրակից կազմակերպեցին երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ տրամադրվեցին նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
‘