‘Ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են դատարանում (Տեսանյութ)’

1393

ՀՀ վարչական դատարանում շարունակվում են բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների գործով դատական նիստերը: Հոկտեմբերի 8-ին դատարանը քննեց հուլիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ բերման ենթարկված Վահան Դուրինյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը, որն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները վարչական դատարանում աջակցում էին իրենց ընկերոջը:

Նշենք, որ դատավորը չթույլատրեց լրագրողներին տեսանկարահանել դատական նիստը՝ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանի առարկության պատճառով: Մելիքսեթյանի խոսքով՝ տեսաձայնագրությունը եւ լուսանկարահանումը խոչընդոտում են իրեն՝ իր պարտականությունները կատարելու հարցում, ինչպես նաեւ հետագայում օգտագործվում են ոչ նպատակային: Այնուամենայնիվ, դատական նիստը այսօր հետաձգվեց երկու կողմերի խնդրանքով. ոստիկանության ներկայացուցիչը դատարանին հանձնեց, իր խոսքով, պատասխանողի մեղքը ապացուցող տեսանյութ, ինչի համար էլ ժամանակ պահանջեց, որպեսզի կողմը ցանոթանա տեսաձայնագրությանը, իսկ  Վահան Դուրինյանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ փաստաբան ներգրավվելու պահանջով:

iLur.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ ոստիկանությունը ներկա պահին ուղղորդվում է երկրի ղեկավարության կողմից եւ ցանկանում է ցանկացած ակտիվ քաղաքացու նկատմամբ ինչ-որ կերպով ճնշումներ գործադրել: «Փաստը այն է, որ հուլիսի 23-ին բոլոր 27 բերման ենթարկվածների նկատմամբ հարուցվել են վարչական գործեր եւ նշանակվել 50 հազար դրամի չափով վարչական տուգանքներ, սակայն այդ գումարները երեւիցե ոչ ոք չի մուծելու, որովհետեւ որոշումները դեռեւս բողոքարկվելու են, ինչպես նաեւ ներկայացվելու են հակընդդեմ հայցեր՝ ոստիկանության կողմից ապօրինի եւ բիրտ ուժ կիրառելու համար»:

Ակտիվիստներից Վահան Դուրինյանը հայտնեց, որ դեպքի ժամանակ ոստիկանի օրինական պահանջ ընդհանրապես չի եղել: «Եթե գոնե այդ պահանջը լիներ, ապա հնարավոր կլիներ քննարկել օրինական է եղել, թե ոչ, բայց ընդհանրապես չի էլ եղել»,- նշեց նա: Վաղինակ Շուշանյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ վերջերս իրեն սպառնացել են հեռացնել աշխատանքից, սակայն նման միջոցներով հնարավոր չէ որեւէ ազդեցություն թողնել: «Իրենք միայն մեկ տարբերակ ունեն իմ վրա ազդելու՝ դա ձերբակալելն ու կալանքի տակ պահելն է»,- հավելեց նա:

Նախորդ հոդվածը‘Նորվեգացի մրցավարը կսպասարկի Հայաստան-Սերբիա հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘ «Յուվենտուս» — «Ռոմա» հանդիպման մրցավարը պատժվել է’