‘Ակցիա դատախազության մոտ. Թարմացված. Ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը. Տեսանյութ’

1130

Այսօր գլխավոր դատախազության մոտ տեղի է ունեցել հերթական ուրբաթօրյա բողոքի ակցիան: Մասնակիցները շարունակում են պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումները Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ եւ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս, մեկնաբանելով ակտիվիստների դեմ վերջին օրերին իշխանության կողմից իրականացված բռնությունները, հայտարարել է, որ «վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ վիճակը թեժանում է, եւ որ ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը»: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը եւ իր ՀՀԿ-ականները, տեսնելով, որ այլեւս ի վիճակի չեն զսպել այս ակցիաների բարձրացող ալիքը՝ անցել են ամենաստոր մեթոդներին: «Նրանք այդպիսի բաներ անում էին՝ 2008-2009 թվականներին, մեր ակտիվիստների վրա ինչ-որ անծանոթ մարդիկ քաղաքացիական հագուստով հարձակվում էին, ծեծի էին ենթարկում, բայց այն ժամանակ մեր Շարժումը շատ ադեկվատ պատասխան էր տալիս, այսինքն՝ ամեն մի նման դեպքից հետո այնքան շատ մարդ էր դուրս գալիս փողոց, որ ռեժիմը հասկացավ, որ նման բռնություններով որեւէ հաջողության չեն հասնի: Եւ անցան ավելի «ցիվիլ» վարվելակերպի: Բայց հիմա «աստվածապաշտ» Վովա Գասպարյանը եւ նրա իրական աստված Սերժ Սարգսյանը այլեւս կորցրել են ինքնատիրապետումը եւ անցել դաժան, վախկոտ, տղամարդուն ոչ վայել պահվածքի»,- նշել է Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում  

Նախորդ հոդվածը‘Սիրիահայ եղբայրների կյանքը Վանաձորում’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բեգլարյան. «Ես առաջին հայ չտեսնողը, իսկ միգուցե և առաջին չտեսնողն եմ, ով հաղթահարել է Արարատի գագաթը»’