‘Ահազանգ. Նարեկ Սարգսյանը՝ հուշարձանների ոչնչացման գործընթացի անմիջական մասնակից’

1437

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը տարածել է հետևյալ հաղորդագրությունը՝ Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ:

«Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել և հատկապես մեծ չափով տեղ է գտել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և նրա անմիջական մասնակցությամբ:

Երևան քաղաքի գործադիր կոմիտեի դեռևս 1991 թ. ապրիլի 12-ի՝ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծ»- թիվ 6/18 որոշմամբ հաստատված էր Երևան քաղաքի պատմության և մշակութային հուշարձանների ցանկը: Սակայն խախտելով ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման պահանջները, Երևանի քաղաքապետարանի կողմից 12.04.1991թ. թիվ 6/18 որոշումը, սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար,  ինչի հետևանքով ուժը կորցրել է: Սակայն Երևանի քաղաքապետարանը չի բավարարվել դրանով և, ենթադրաբար նաև Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ, նախապատրաստել և 2000 թ. օգոստոսի 30-ին ընդունել է հատուկ որոշում՝ թիվ 1137՝ Երևան քաղաքի գործադիր կոմիտեի թիվ 6/18 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Արդյունքում, Երևան քաղաքը «դադարել է ունենալ» պահպանության ենթակա պատմության և մշակութային հուշարձաններ: Եղած հուշարձանները, փաստորեն, դուրս են մնացել ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության իրավասությունների դաշտից և Երևանի կենտրոնի հողամասերի ձեռքբերողներին 4 տարի շարունակ հնարավորություն է ընձեռվել անարգել քանդել կամ վնասել այդ տարածքներում գտնվող հուշարձան շենքերը: Քանդվել է առնվազն 25 հուշարձան-շենք, որոնք հետագայում հասկանալիորեն այլևս չեն ներառվել ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» թիվ 1616-Ն որոշմամբ հաստատված ցանկում: Այս որոշման համաձայն՝ տասնչորս հուշարձան էլ համարվել է տեղափոխման ենթակա՝ նպատակ ունենալով չխոչընդոտել Երևանի կենտրոնում իրականացվող շինարարությանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005 թ. հայտնաբերել է հուշարձանների ոչնչացման փաստը (տես` http://genproc.am/am/46/item/581/; http://genproc.am/am/47/item/593/ և http://genproc.am/am/47/item/705/), դա պայմանավորելով նաև հուշարձանների պահպանությունն ապահովող իրավական ակտերի բացակայությամբ, մասնավորապես Երևան քաղաքի գործադիր կոմիտեի վերոնշյալ որոշման վերացման հետ:

Այդուհանդերձ, մինչ օրս որևէ մեկը հուշարձանների փաստացի ոչնչացման ու այդ հանցագործության նախապատրաստման կամ օժանդակման համար չի ենթարկել քրեական պատասխանատվության: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հասարակական կազմակերպության կողմից 2009թ.-ից ի վեր իրավապահ մարմիններին ներկայացվող հաղորդումները չեն արժանացել պատշաճ քննության»:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմն» էլ է Մխիթարյանի հետ բանակցություններ վարում. Sky Sport’