‘Ահազանգ. Վերսկսկվել է Գանձասարի պարսպի սալիկապատումը (Տեսանյութ)’

915

PanARMENIAN.Net-ը գրում է, որ ահազանգ ստացանալով, որ կրկին վերսկսվել է Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատումը, իրենց  լուսանկարիչ Արեգ Բալայանը երեկ վաղ առավոտյան շտապել է ահազանգի հետքերով, և, ինչպես պարզել է, լուրերը հաստատվում են: Բնակիչները ասել են, որ աշխատանքները մոտ մեկ շաբաթ է, ինչ տարվում են:

Կատարվածի առնչությամբ կայքը տարածել է նաեւ ՀՀ պատմական հուշարձանների ճարտարապեոտների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանի նամակը:

«Մի տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Գանձասարի երեսապատման խայտառակ պատմության առաջացրած բուռն կրքերի ալեկոծությունից հետո հրապարակեցի ճարտարապետիս և քաղաքացուս մտորումները փաստի վերաբերյալ: Այն ժամանակ, միամտաբար, կարծեցինք, թե պետությունը և ակտիվ մտավոր հասարակությունը, համատեղ ջանքերով, հաղթանակ են տարել տգիտության, անճաշակության և անօրինության դեմ: Բայց պարզվում է, որ ոչ:

Աշնան մառախլապատ ու ցուրտ օրերին, նենգաբար և գողեգող, վերսկսվել է ծաղրուծանակը Գանձասարի շքեղ վանքային համալիրի նկատմամբ: Հավանաբար հույս ունեին, թե ձմռանը ոչ ոք չի այցելի սրբատեղին, և աննկատ իրենց սև գործը կավարտեն:

Այսքանից հետո արդեն հույս էլ չկա, թե ինչ-որ բան կարելի է անել: Պարզվում է, որ մեր ավանդական և ազգային արժեքները մենք ի վիճակի չենք պաշտպանել, քանզի դրանում շահագրգռված չեն ոչ իշխանավորները, ոչ էլ, ցավոք սրտի, եկեղեցականները (բայց ոչ եկեղեցին ): Այսօր նորից կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, ուր իրենց կեղտոտ լվացքն են անում անդեմ ու օտարամոլ բարերարները: Նախորդ նամակում աշխատել եմ չանձնավորել տեղի ունեցածը: Բայց հիմա վերջանականապես պիտի ասեմ իմ կարծիքը, որ նման բարերարությունը թքած ունի թե պետության, թե հասարակության վրա: Բարերարը սկզբունքորեն որոշել է երեսապատել վանքը, հաստատելու իր գերիշխանությունը հայկական երկու պետությունների նկատմամբ, որոնք որոշում էին ընդունել խայտառակությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ես հույս ունեմ, որ Աստված մեզ կօգնի: Դրանց արած անորակ երեսապատումը երկար չի ապրի: Իսկ երբ այս գործի տերերը կհայտնվեն Աստծո դատաստանի առաջ իրենց արած «մեծ գործերի» համար, մեր զավակները կշտկեն, կվերականգնեն այլանդակվածը, իսկ բարերարների երբեք չեն էլ հիշի, որ իզուր նրանց մասին վատ բան չխոսեն: Տերը մեզ հետ: Ամեն»,- ասվում է Տիտանյանի նամակում:

Ի դեպ, հավելենք,  որ անցած տարվա հուլիսին աղմուկ բարձրացավ, որ Գանձասարի եկեղեցու պարսպապատերը երեսպատում են: Հայտնի դարձավ, որ այդ շինարարության նախաձեռնողը գործարար Լևոն Հայրապետյանն էր: Ղարաբաղում հակասական հայտարարություններ սկսեցին տարածվել նախաձեռնության վերաբերյալ, եթե պետական պաշտոնյաները ասում էին, թե նախաձեռնությունը սկսվել էր առանց իրենց համապատասխան թույլտվության, ապա ՀԱԵ Արցախյան թեմը հանդս էր գալիս հօգուտ Հայրապետյանի: Ամեն դեպքում, հասարակական մեծ աղմուկից հետո շինարարությունը դադարեցվել էր, իսկ Լեւոն Հայրապետյանն էլ առժամանակ հեռացել էր Ղարաբաղից: Ըստ որոշ տեղեկությունների, նա նեղացել էր այդ աղմուկից: Հենց դրանից հետո էլ հրապարակվեց Հայրապետյանի հայտնի հարցազրույցը «Չենք Լռելու»-ին, որտեղ վերջինս քննադատության էր ենթարկել Հայաստանի եւ Ղարաբաղի բոլոր ժամանակների իշխանություններին: Վերջերս, սակայն, Հայրապետյանը վերադարձավ Ղարավաղ, եւ ահա, փաստորեն, նորից սկսվեց նաեւ այս նախաձեռնությունը:

 

  

Նախորդ հոդվածը‘Սաֆարյան. Հետզհետե ընտրախախտումները ձեռք բերեցին զանգվածային ծավալներ ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» համերգը, Ռոնալդուի վերադարձը, Կասիլյասի հիացմունքը. տեսանյութ’