Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ չունի Գազայի «Ալ-Ակսա» հիվանդանոցի հարյուրավոր բուժառուների և բժշկական անձնակազմի գտնվելու վայրի մասին։
Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ ռազմական գործողությունների ընդարձակումը Գազայի կենտրոնական մասում՝ «կենսական անհրաժեշտության «Ալ-Ակսա» հիվանդանոցի շրջակայքում, ավելի քան 600 բուժառուների և բուժաշխատողների մի մասին ստիպել է լքել բուժհաստատությունը, և նրանց գտնվելու վայրն այժմ անհայտ է»։ Գեբրեյեսուսը նշել է, որ բուժհաստատությունում «մնացել է ընդամենը հինգ բժիշկ, և նրանք, հիվանդանոցի ղեկավարության խոսքով՝ ուտելիք չունեն»։
ԱՀԿ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ հիվանդանոցում «շտապ բուժօգնության կարիք ունեցող մեծ թվով վիրավորներ կան», սակայն բուժհաստատությունը նույնպես «բուժաշխատողների, դեղորայքի և մահճակալների խիստ կարիք ունի»։ «Բայց ամենից շատ նրանց հարկավոր է, որ իրենց հիվանդանոցը, ինչպես նաև նրա անձնակազմը, բուժառուներն ու նրանց ընտանիքները պաշտպանված լինեն ռազմական գործողություններից։ Այս հակամարտության մեկնարկից երեք ամիս անց պարզապես աներևակայելի է, որ ամենակենսական պահանջմունքը՝ առողջապահության պաշտպանությունը, ապահովված չէ»,- ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։