‘Ահմեդ Դավութօղլու. «20 տարի է՝ Թուրքիան համաշխարհային հանրությանը կոչ է անում լուծել ղարաբաղյան հակամարտությունը»’

851

Ավելի քան 20 տարի է՝ Թուրքիան  համաշխարհային հանրությանը կոչ է անում լուծել ղարաբաղյան հակամարտությունը, սակայն դա այդպես էլ տեղի չի ունենում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում՝այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք կարծում ենք, որ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բայց ահա արդեն 20 տարի է, ինչ այդ հարցում որևէ առաջընթաց չկա»,-ասել է նա:

Ըստ Դավութօղլուի՝ նույնպիսի իրավիճակ է ստեղծվել Կիպրոսի հարցում: Արտգործնախարարն անդրադարձել է նաև սիրիացի փախստականների խնդրին՝ ընդգծելով այդ ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը և զուգահեռներ տանելով 1990-ական թթ. հետ, երբ Բոսնիայի հարցում նույնպիսի դանդաղկոտության դրսևորումը հանգեցրեց  բազմաթիվ մարդկային զոհերի, իսկ հետագայում՝ Բոսնիա կատարած այցի ընթացքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներողություն խնդրեց բոսնիացիներից այն բանի համար, որ կազմակերպությունը չէր կարողացել կանխել արյունահեղությունը:  Դավութօղլուի խոսքերով՝ ինքը չէր ուզենա, որ ՄԱԿ-ի մեկ ուրիշ գլխավոր քարտուղար մի քանի տարի անց նույնպես ստիպված լիներ ներողություն խնդրել սիրիացի ժողովրդից:

Նախորդ հոդվածը‘Կայացել է Տիգրան Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա գրոհը նախապես ծրագրված է եղել’