‘Աղասի Աղասյան. «Առաքելն ինձ զիջում էր, բայց Ռիո գնաց հոր շնորհիվ»’

2611

Ինչպես հայտնի է, Բրազիլիայում ընթացող օլիմպիադայում երեկ հերթական ձախողումն ունեցանք. 85 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը վնասվածք ստացավ, դուրս մնալով պայքարից: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր Միրզոյանի ձախողումը շատ խիստ քննադատեցին:

Իսկ ծանրամարտիկ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 28-ամյա Աղասի Աղասյանը ֆեյսբուքի իր էջում գրեց. «85 կգ քաշային կարգում ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ: Ու ոչ ոք ինձ չի կարող հաղթել, անկախ ամեն ինչից»: Մարզիկի այս գրառումը իրարանցում առաջացրեց ծանրամարտի սիրահարների շրջանում:

Ներկայացնում ենք Աղասի Աղասյանի հետ hetq.am-ում ներկայացված հարցազրույցը, որտեղ մարզիկը պատմում է, թե ինչ նախապատմություն ունի իր գրառումը: Նա պնդում է, որ Առաքել Միրզոյանը 85 կգ քաշային կարգում ամենեւին էլ ամենաուժեղ մարզիկը չէ, եւ նա չէ, որ պետք է մեկներ օլիմպիական խաղերին: Ավելին, ծանրամարտի հավաքականում տեղի են ունենում բաներ, որոնք ամենեւին էլ հայկական սպորտի շահերից չեն բխում, եւ որոնցից անտեղյակ է սպորտային աշխարհի ղեկավարությունը:

— Աղասի, դու հայտարարում ես, որ 85 կիլոգրամ քաշային կարգում ամենաուժեղն ես Հայաստանում: Շատ հավակնոտ չէ՞ հայտարարությունդ:

— Ոչ: Ես հիմա մի շարք փաստարկներ կբերեմ: Հունվար ամսին, երբ սկսվեց տարվա մարզումային ցիկլը, եւ բոլորիս պարզ էր Եվրոպայի առաջնությանը մասնակցող մարզիկների կազմը, որոշակիորեն էլ՝ օլիմպիադային մասնակցողների կազմը, լսեցինք, որ Առաքել Միրզոյանը սկսել է մարզվել (Առաքելը մարզվում է հիմնականում հավաքականից առանձին, նրա մարզիչը հայրն է – խմբ.): Թե ինչ նպատակով է սկսել մարզումները, ոչ ոք չգիտեր, որովհետեւ մինչեւ այդ, վնասվածքների պատճառով չէր մարզվում: Հետո տեղեկացանք, որ քաշը փոխել է: Նա 77 կիլոգրամ քաշային կարգում էր հանդես գալիս, որտեղ հանդես են գալիս նաեւ Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը, ովքեր իրենից ուժեղ են: Առաքելը տեղափոխվեց 85 կիլոգրամ քաշային կարգ, երեւի մտածելով, որ ինձ կգերազանցի: Սակայն այնպես ստացվեց, որ ես Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցի 94 կիլոգրամ քաշային կարգում, քանի որ 85-ին մասնակցելու համար պետք է քաշ գցեի, ինչը մարզիչս չթույլատրեց: Ես իմ քաշային կարգում հաղթեցի, իսկ Առաքելը չմասնակցեց առաջնությանը, գիտակցելով, որ շատ թույլ է:

Հայաստանի առաջնությունից հետո ընտրվեց հավաքականի կազմը, երկու հավաք անցկացվեց, որից վերջինը՝ Կազանում: Այնտեղ Սմբատ Մարգարյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը վնասվածք ստացան, եւ Առաքել Միրզոյանը ավտոմատ կերպով մտավ հավաքական ու մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունում Առաքելը պոկումում բարձրացրեց 151 կգ, հրումում՝ 187: Ես, իմ հնարավորություններից ցածր հանդես գալով հանդերձ, պոկեցի 153 կգ եւ հրեցի 193 կգ: Բոլորին պարզ դարձավ, որ Առաքելն ինձ զիջում է:

Ծան. Նորվեգիայում կայացած առաջնությունում Աղասյանը երկամարտի 346 կգ արդյունքով դարձել էր «B» խմբի հաղթող: Իսկ երբ ուժեղագույննների պայքարն ավարտեց, պարզվել էր, որ նա այդցուցանիշով շրջանցել է «A» խմբի մի շարք ծանրորդների: 

Եվրոպայի առաջնությունից հետո իմ առաջ սկսեցին խնդիրներ հարուցել: Օլիմպիական խաղերին ընդառաջ հավաքներ սկսվեցին, եւ ինձ չընդգրկեցին, առանց լուրջ բացատրության:

Մայիսին Իրանում Fajr Cup գավաթի խաղարկությունն անցկացվեց, որին Առաքելը պետք է մասնակցեր օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:

— Խոսքը պաշտոնեական դիրքի մասի՞ն է:

— Այո: Դրանից հետո առիթ ստեղծվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հանդիպելու: Դավիթաշենում, երբ պարոն Ծառուկյանը Գոռ Մինասյանին ավտոմեքենա էր նվիրում, մենք զրուցեցինք եւ ես պատմեցի, որ Առաքել Միրզոյանին գերազանցում եմ, սակայն ինձ ուսումնամարզական հավաքներին չեն վերցնում: Պարոն Ծառուկյանը, երբ տեղեկացավ, կարգադրեց, որ ինձ վերցնեն հավաքների: Եվ վերցրին: Մեկնեցինք Ղրիմ, օլիմպիադայից առաջ նախավերջին հավաքն էր, որտեղ ես էլի իրենից շատ էի բարձրացնում: Ղրիմից հետո Աբովյանի հավաքն էր, եւ պետք է պարզվեր, թե թիմում ով է պատրաստ օլիմպիադային: Այդտեղ էլ հավաքականի կազմում փոքրիկ մրցում անցկացվեց, ես էդտեղ էլ հաղթեցի Առաքելին: Վանիկ Ավետիսյանը, որը հանդես է գալիս ավելի ցածր քաշային կարգում՝ 69 կգ, համարյա Առաքելի չափ արդյունք էր ցույց տալիս: Ի դեպ, դա էլ ասեմ, որ Վանիկ Ավետիսյանը վերջին երկու աշխարհի առաջնություններում հավաքականին ամենաշատ վարկանիշային միավորներ բերած ծանրորդն է, բայց դա էլ անտեսվեց, իմ՝ Առաքելի նկատմամբ առավելությունն էլ անտեսվեց, եւ եթե պետք է Ռիո մեկնեինք ես կամ Վանիկը, քանի որ մեկ տեղ կար, ցուցակում գրվեց Առաքելի անունը, առանց մեկնաբանություն տալու: Ո՛չ Վիգեն Խաչատրյանը, ո՛չ Փաշիկ Ալավերդյանը, մեզ բացատրություն չտվեցին:

Հիմա իմ ցանկությունը մեկն է. էս վիճակին խելամիտ լուծում գտնվի: Ինչու՞ պետք է ես, կամ Վանիկ Ավետիսյանը, որ ավելի լավ արդյունքներ ենք գրանցել, մնանք Հայաստանում, իսկ ավելի ցածր արդյունք ցույց տված մարզիկը մեկնի օլիմպիական խաղերին մասնակցելու:

Համեմատության համար նշեմ, որ Իրանում ցույց տված իմ արդյունքով, որն ինձ համար նվազագույն արդյունք էր, ես Ռիոյում կմտնեի լավագույն տասնյակի մեջ, ինչը օլիմպիական խաղերում քիչ բան չէ: Իսկ իմ լավագույն արդյունքներով՝ Ռիոյում կարող էի ակնկալել մինչեւ 6-8-րդ տեղերը զբաղեցնելուն:

— Այն ամենից, ինչ պատմեցիք, ՀԱՕԿ ղեկավարությունը տեղյակ չէ՞:

— Միանշանակ կարող եմ պնդել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ սպորտի նախարարը տեղյակ չեն, թե ինչպես է կատարվել հավաքականի մարզիկների ընտրությունը: Ես վստահորեն պնդում եմ. քանի որ Օգսեն Միրզոյանը սպորտային աշխարհում պաշտոն ունի, նա եւ նրա շրջապատը կարողանում են սպորտային ղեկավարներին իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: ՀԱՕԿ նախագահն ու սպորտի նախարարը ծանրամարտի ներքին խոհանոցին տեղյակ չեն: Նրանց տեղեկութուններ տվողը հավաքականի մարզիչները, որոնք որոշող չեն, հարցի լուծում տվող չեն:

— Աղասի, քեզ չե՞ն մեղադրի, որ այս օրերին, երբ օլիմպիական խաղերը շարունակվում են, բացում եք ներքինխոհանոցային հարցեր:

— Այն տղաները, ովքեր դեռ պետք է հանդես գան՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը, այնքան պրոֆեսիոնալ են, որ էս ամեն ինչը ճիշտ կհասկանան, եւ սա նրանց ելույթների վրա ազդեցություն չի ունենա: Խնդիրը նրանում է, որ էսօր ամբողջ հայությունը հետեւում է օլիմպիադային եւ գնահատականներ տալիս, չիմանալով դրա պատճառները: Իսկ իմ նպատակն այն է, որ ՀԱՕԿ ղեկավարությունը իմանա, թե ինչեր է կատարվում: Ես իմ մասին չեմ մտածում, այլ՝ եկող սերնդի ծանրորդների: Նույնը տեղի էր ունեցել նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերում: Տիգրան Մարտիրոսյանը դուրս մնաց հավաքականից, Վանիկ Ավետիսյանին առանց բացատրության դուրս հանեցին ցանկից, Առաքել Միրզոյանը գնաց ու ձախողվեց: Էն ժամանակ ոչ ոք չցանկացավ իրականությունը ջրի երես հանել, եւ հարցը չլուծվեց:

— Ինչ եք կարծում, Տիգրան Մարտիրոսյանը եւ Վանիկ Ավետիսյանը կհաստատե՞ն ձեր խոսքերը:

— Այո: Ծանրամարտի հավաքականի հիմնական կորիզը, ինձ թվում է, համամիտ են ինձ հետ: 

Նախորդ հոդվածը‘Ռիոյում իրանցի ատլետներից 1000 եւ 2000 դոլար են գողացել’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-2016. Ռաֆայել Նադալը և Մարկ Լոպեսը՝ Օլիմպիական չեմպիոններ’