‘Աղբյուրը բացահայտելու նախադեպով իշխանությունը փորձում է սահմանափակել մամուլի ազատությունը. ՄԱԱ’

1172

Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ իր խոր մտահոգություն է հայտնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ, որով «iLur.am» տեղեկատվական կայքին և «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Հայտարարության մեջ հաջորդիվ ասվում է.

Տեղեկատվական աղբյուրի բացահայտումը պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում և հանրային անժխտելի շահի առկայության դեպքում։ Մինչդեռ Գյումրիի ոստիկանապետի՝ ՀՀ քաղաքացու վրա զենք ճոճելու համար հարուցված քրեական գործը, ՄԱԱ համոզմամբ, նման բացառիկ դեպք չէ և չի կարող տեղեկատվական աղբյուրը բացահայտելու հանգամանք լինել, ուստի, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, ՄԱԱ-ն վստահ է, որ  տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կվտանգի տվյալ անձի (կամ՝ անձանց) ֆիզիկական անվտանգությունը։

Տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը լրագրողի պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական արժեքների ու սկզբունքների պահպանման գրավական է, և հարկ է հարգանքով մոտենալ տեղեկատվության աղբյուրի գաղտնիության ապահովման՝ լրագրողների ձգտմանը՝  հասարակության շահերի ի պաշտպանության և պետական իշխանության ներկայացուցիչների վարքագծի բացահայտման նպատակով:

ՄԱԱ-ն պահանջում է Վերաքննիչ դատարանից վերանայել դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, իսկ Արդարադատության խորհրդին՝ կարգապահական վարույթ սկսել դատավորի նկատմամբ՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված առանց «Հրապարակի» և «iLur.am»- ի ներկայացուցիչների մասնակցությամբ դատաքննության անցկացումը։

Մամուլի ազգային ակումբը կարծում է, որ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու այս նախադեպով գործող իշխանությունը փորձում է սահմանափակել տեղեկատվություն ստանալու և տարածելու մամուլի ազատությունը և տեղեկատվության աղբյուրի պաշտպանության՝ լրագրողների իրավունքը: Մամուլի ազգային ակումբը համոզված է, որ նման որոշումն էլ ավելի կմեծացնի հասարակության մեջ իրավական վհատությունը՝ մարդկանց ստիպելով շարունակել արդարություն, օրինականություն և պաշտպանություն փնտրել Հայաստանից դուրս:

 

Մամուլի ազգային ակումբ

14 հուլիսի, 2014թ.

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի չորրորդ աստղը (մեծ ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Կի-Դուկը Երեւանում է. Բացվեց «Ոսկե Ծիրան» 2014-ը ‘