‘Աղբյուր. Բաքուն մերժել է խոցված ուղղաթիռին մոտենալու՝ ԵԱՀԿ միջնորդությունը’

1624

Արդեն շուրջ մեկ շաբաթ հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռին մոտենալ չի հաջողվում: Հակառակորդը ուղղաթիռի անկման վայրը պահում է մշտական կրակի տակ: Նախօրեին Ստեփանակերտի իշխանությունների հետ հանդիպումներ անցկացրած ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի միջնորդությունը այս հարցում նույնպես ձախողվել է:

Ըստ մեր տեղեկությունների, ԼՂՀ իշխանությունները միջնորդել են դեսպան Կասպշիկին՝ կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, եւ, ի կատարումն Ժնեւի կոնվենցիաների համապատասխան պահանջների, անվտանգության միջանցք ստեղծել, որպեսզի ԼՂՀ ներկայացուցիչները կարողանան մոտենալ խոցված ուղղաթիռի բեկորներին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, պաշտոնական Բաքուն մերժել է ԵԱՀԿ ներկայացուցչի միջնորդությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը iLur.am-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց այս տեղեկատվությունը: Նա հիշեցրեց, որ նախօրեին Անջեյ Կասպշիկը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության նախարարը «հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու և դրանից բխող մյուս գործընթացները իրականացնելու համար»:

Հիշեցնենք,  նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է  ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում մահացու ելքով ՃՏՊ-ների քանակով’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Օրենքում պետք է ամրագրել, որ գործատուն պարտավոր է վճարել 20% փոխհատուցումը’