‘Աղվան Հովսեփյանի որդիների ծաղկող բիզնեսը. Փաստաթղթեր. Hetq’

3699

Hetq.am-ը գրում է, որ այս տարվա փետրվարի 22-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ավագանին արտահերթ նիստով փոքր հէկի  խողովակաշարի կառուցման եւ սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ»  ՍՊԸ-ին  որոշել է տրամադրել մշտական սերվիտուտ՝ համայնքային սեփականություն հանդիսացող  0.00085հա,  0.00330հա, 0.00353հա, 0.03207հա, 0.81245հա հողատարածքների նկատմամբ`  տարեկան 300.000 դրամ ընդհանուր վարձավճարով: Ավագանին հանձնարարել է համայնքի ղեկավարին «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի հետ կնքել  սերվիտուտի նոտարական պայմանագիր:

«Տելիա  Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է նախկին գլխավոր դատախազ, հանրապետության նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանի կրտսեր որդուն՝ Միսակ Հովսեփյանին:

Նշված ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին, եւ տնօրենը հանդիսանում է հենց Միսակ Հովսեփյանը: Միսակ Հովսեփյանը «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Միսակ Հովսեփյանը 2011թ-ին հայտարարագրել էր 57 մլն 117 հազար դրամի եկամուտ, որից 767 հազարը աշխատավարձն է եղել, 9 մլն 350 հազարը` շահաբաժինը, իսկ 47 մլն դրամի եկամուտ նրան բերել էր գույքի օտարումը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Միսակ Հովսեփյանը հայտարարագրել էր 60 մլն դրամ:

2012թ. Միսակ Հովսեփյանն ունեցել է 25 մլն 715 հազար դրամ, որից 716 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 25 մլնը` շահաբաժինը: Պակասել է նաեւ դրամական միջոցները` նախորդ տարվա 60 մլն դրամից դառնալով 4 մլն դրամ: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ նա նշված տարում 78 մլն 750 հազար դրամ արժողության հողամաս է գնել:

Մ. Հովսեփյանը հիմնադիր եւ բաժնետեր է մի քանի այլ ընկերություններում եւս:

Նրա ավագ եղբայրը՝ Նարեկ Հովսեփյանը, 50 % բաժնեմաս ունի 2007թ. հիմնադրված «Տրանս-Սիստեմ» ՍՊԸ-ում:

Նույն ընկերությունում 10% բաժնեմաս ունի նաեւ Երեւանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանի որդին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Միքայել Զալինյանը:

Նարեկ Հովսեփյանին է պատկանում նաեւ «Կոնցեռն-Էներգիա-ԳԷՍ» ՍՊԸ-ում 25% բաժնեմասը:

Նարեկ Հովսեփյանը 2011թ-ին հայտարարագրել է 51 մլն 792 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 328 հազարը աշխատավարձն է եղել, իսկ 49 մլն 464 հազարը` շահաբաժինը: Ինչ վերաբերում է դրամական միավորներին, ապա նրա հաշվին եղել է 128 մլն դրամ:

2012թ. Ն. Հովսեփյանին եկամուտ է բերել միայն շահաբաժինը` 26 մլն 865 հազար դրամ: 135 մլն դրամն էլ նրա հաշվին եղած գումարն է:

Եթե նկատի ունենանք, որ հայտարարագրերի ուսումնասիրությունն այսօր թույլ մակարդակի վրա է եւ գրեթե չի ստուգվում պատկան մարմինների կողմից, չի բացառվում, որ ինչպես Աղվան Հովսեփյանի որդիները, այնպես էլ շատ պաշտոնյաներ ու նրանց զավակներ ավելի պակաս հայտարարագրեն իրենց գույքն ու եկամուտները, քան իրականում ունեն:

Շարունակությունն՝ այստեղ:   

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Արզումանյան. Այդտեղ քվեարկել-չքվեարկելու խնդիր չկար’
Հաջորդ հոդվածը‘Հրիստեա. ԵՄ կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո’