‘Աղվան Վարդանյան. Ոչ իշխանական ուժերը կարող են կոալիցիա կազմել Երեւանի ապագա ավագանում’

767

Ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով չգնալու մեջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դրական տարր է տեսնում:

«Եթե միավորվեինք մինչեւ ընտրությունները, կմտածեինք, թե վերջ՝ մեծ հաջողության ենք հասել, հաղթել ենք, եւ ընտրություններից առաջ զգոնությունը թուլացած կլիներ: Իսկ հիմա առավելագույնս պետք է կենտրոնանանք ընտրութւոնների արդյունքների վրա եւ յուրաքանչյուրս ձգտենք առավելագույն ձայներ հավաքել», — լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերը կարող են կոալիցիա կազմել ընտրություններից հետո եւ ունենալ սեփական քաղաքապետը՝ այդպիսով կոտրելով ՀՀԿ մենաշնորհը: «Սա մեր անձնական արժանապատվության հարցն է», — ավելացրեց Դաշնակցության ներկայացուցիչը:

Ընդ որում՝ պարոն Վարդանյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր պնդում են, թե Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիներին լավագույն քաղաքապետն է եղել: Նա, իր իսկ խոսքով, ճանաչում է բազմաթիվ հանրապետականների, որոնք անգամ իրենց կուսակցության շարքերից ավելի հարմար թեկնածուներ են առաջարկում մասնավոր զրույցներում: «Տարոն Մարգարյանը լավ թաղապետ է եղել Ավանում, թերեւս՝ լավագույն թաղապետը: Այս ընտրություններից հետո նա կարող է վերադառնալ եւ կրկին զբաղեցնել այդ պաշտոնը», — ասաց Վարդանյանը:

Իսկ Դաշնակցության համամասնական ցուցակի հաջողությանը դաշնակցական գործիչը չի կասկածում. «Սա միակ ցուցակն է, որը գլխավորում են կուսակցության հայաստանյան բարձրագույն մարմնի ներկայացուցիչները», — նշեց նա: 

Նախորդ հոդվածը‘Զամբիայում ձերբակալվել է նախկին նախագահը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Սիրիայից տարհանում է իր աշխատակիցների գրեթե կեսին’