‘
Բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին՝ ամերիկյան հանրահռչակ դերասան Ջորջ Քլունիի կինը, երկվորյակ է ունեցել՝ տղա և աղջիկ:
«Այս առավոտ (հունիսի 6-ին) Ամալը և Ջորջն ուրախությամբ իրենց կյանքի մաս դարձրին Էլլային և Ալեքսանդրին: Էլլան, Ամալը և Ալեքսանդրն իրենց հրաշալի են զգում: Ջորջը հանգստացնող դեղեր է ընդունել, ուշքի կգա մի քանի օրից»,- լրագրողներին հայտնել է դերասանի մամլո քարտուղարը:
39-ամյա Ամալ Քլունին, որպես փաստաբան՝ հանդես է եկել մի քանի աղմկալի դատական գործերով: Մասնավորապես՝ նա պաշտպանել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային:
55-ամյա Ջորջ Քլունին բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու «Օսկարի»:
Փոխանցում է BBC-ն:
‘