‘Ամանորյա գիշերը Քյոլնում կատարված հարձակումների թիվն անցել է 500-ից’

983

Գերմանական Քյոլն քաղաքում ամանորյա գիշերը կատարված հանցագործությունների թիվը հասել է 516-ի, դրանց 40 %-ը կապված է սեռական ոտնձգությունների հետ, հայտարարել է քաղաքի ոստիկանությունը:

Դեռ նախորդ օրը քաղաքի իշխանությունները հայտարարել էին կանանց նկատմամբ մի խումբ երիտասարդների կողմից իրականացված 379 հանցագործությունների մասին, սակայն վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել են հանցավոր գործողությունների նոր դեպքեր: Բացի այդ, ոստիկանությունը պարզել է, որ նույն գիշերը Գերմանիայի այլ քաղաքներում կատարված հանցագործությունները ևս կապ ունեն Քյոլնի հետ:

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը Bild-ին ասել է, որ, անկասկած, բոլոր հարձակումները նախապես ծրագրված են եղել: Ականատեսներն ու զոհերն իրենք վկայել են, որ Ամանորի գիշերը Քյոլնի կայարանում հավաքված են եղել մոտավորապես 1000 երիտասարդներ, որոնք այնուհետև փոքր խմբերի են բաժանվել և սկսել հարձակումներ գործել կանանց վրա:

Անցած շաբաթ օրը ոստիկանությունն ստիպված է եղել ջրցաներ գործի դնել՝ միգրանտների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հանդարտեցնելու համար:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է պարզեցնել հանցագործություն կատարած միգրանտների արտաքսման գործընթացը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փարիզում ոստիկանների վրա հարձակում գործած մարդն ապաստան էր փնտրում Գերմանիայում’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ղրիմում մենք ոչ մեկին չենք օկուպացրել’