‘Ամբաստանյալ. Երեւանի ու Շիրակի ոստիկանապետերը դիմակավորների օգնությամբ դաժան ծեծի են ենթարկել’

1298

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Նա մեղադրվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ: Ամբաստանյալն իր ցուցմունքում, որը ներկայացնում է ԳԱԼԱ-ն, նշել է, որ անազատության գտնվելու ընթացքում իրեն մի քանի անգամ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանները, այդ թվում` Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը եւ այլք:  

«ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետև որևէ առնչություն Կարեն Եսայանի սպանությանը չունեմ: …Այդ մասին քաջատեղյակ էին որոշ անձինք, ովքեր կարող էին դատարանում տալ ցուցմունքներ և հաստատել իմ անմեղությունը: Սակայն նրանք դա չարեցին, որովհետև վախեցան, որ կամ իրենք էլ իմ պես անմեղ լինելով և սպանության հետ առնչություն չունենալով կհայտնվեն իմ կողքին, կամ իրենք էլ Կարեն Եսայանի պես անմեղ զոհ կդառնան», — մասնավորապես, նշել է ամբաստանյալ Սարգսյանը:

Նա իր ցուցմունքում պատմել է, որ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային բաժանմունքում եւ ձերբակալվածների պահման վայրում մի քանի անգամ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:

«2012. թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը հստակ հիշել չեմ կարողանում, բայց մոտավոր կլիներ 15:00-ից հետո, ես ու հայրս գնացինք ոստիկանության Գյումրու բաժին, որովհետև ոստիկան Հրայր Քալաշյանը եկել էր մեր տուն ու հորս կանչել էր ոստիկանություն: Հորս ճնշումը բարձր էր, այդ պատճառով էլ ես նրա հետ միասին գնացի ոստիկանություն: Ոստիկանության աշխատասենյակներից մեկում կային չորսից հինգ հոգի: Նրանցից մեկը ներկայացավ պետի տեղակալ, որի անունը հիշում էի՝ Արսեն էր, սակայն ազգանունը չեմ հիշում: Նախկինում ճանաչում էի նրան: Արսենը սկսեց հարցեր տալ հորս և ինձ, թե այդ օրը ինչ ենք արել, որտեղ ենք եղել, արդյոք ճանաչում ենք սենյակում գտնվողներին: Ներկաներից մեկը հետագայում իմացա, որ Կարեն Եսայանի հայրն էր: Նա ևս հարցեր էր տալիս: Իմ պատասխանները լսելով՝ հասկացավ, որ ես իր տղայի հետ առնչություն չունեմ և հեռացավ ոստիկանությունից: Դրանից հետո ինձ տարան այլ սենյակ, որը եթե չեմ սխալվում, նույն հարկի վրա էր: Ինձ այդ սենյակում հարցնում էին, թե ես կապ ունե՞մ քաղաքապետի աղջկա ու Կարեն Եսայանի հետ: Բավական ուշ էր, երբ սենյակ եկան 7- 8 դիմակավորված անձինք: Նրանց հետ ներս մտավ նաև Գյումրու մարզային վարչության պետի տեղակալը, ով ապրում էր Ազատան գյուղում: Հետագայում իմացա, որ այդ անձը Վահրամ Ենգոյանն էր: Նա սկսեց ինձ հարցեր տալ, թե ով է սպանել Կարեն Եսայանին: Պատասխանեցի, որ չեմ ճանաչում նրան և այդ սպանության մասին տեղյակ չեմ: Նման պատասխան լսելուց հետո ազատանցին բռունցքներով հարվածեց ինձ ու հայհոյեց: Հարվածներ էր հասցնում երիկամներիս, հետո մի անգամ էլ խփեց ձախ ականջիս: Դրանից հետո ընկա գետնին, վերցրեց ռետինե սև մահակ ու հարվածեց ոտքերիս: Ամբողջ ծեծի ընթացքում հայհոյում էր ու հրամայում, որ սատկացնեն ինձ: Հետո դիմակավորվածները սկսեցին հարվածել ինձ, թե մարմնիս որ հատվածին էին խփում, չեմ հիշում: Լավ հիշում եմ սենյակի հոսանքի բաց լարերը, ու որ կոչումով գնդապետը ամեն անգամ ասում էր` լարերից հեռու պահեք: Ծեծից հետո ինձ հարցաքննեց քննիչ Խաչիկ Հայրապետյանը: Նրան տված ցուցմունքում նշված շատ հանգամանքներ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացքում եկավ Կարեն Բաբակեխյանը, հարցեր տվեց սպանության կապակցությամբ: Ուշ էր արդեն, Բաբակեխյանը հրահանգեց ինձ տանեն մարզային վարչության իր սենյակ: Լավ հիշում եմ՝ վարչություն գնացինք նրա «Տոյոտա Կորոլա» 010 ՈՍ 09 համարի մեքենայով:

Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետը-): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա՝ Բաբակեխյանը ջրի ամանով ջուր էր լցնում վրաս: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ինձ տեղափոխեցին Երևան ՁՊՎ: Քնած ժամանակ ինձ արթնացրին, տարան 1-ին հարկի ինչ-որ սենյակ: Սենյակում էր Աշոտ Կարապետյանը, նա ներկայացավ, համոզեց, որ ընդունեմ մեղքը իմ վրա, հակառակ դեպքում ավելի վատ կլինի իմ համար: Ես չհամաձայնվեցի նրա այդ պահանջի հետ, որից հետո նա կարգադրեց դիմակավորված անձանց ծեծի ենթարկել ինձ, որը կարճ տևեց: Նշեմ, որ այդ ծեծի ժամանակ ՁՊՎ-ի աշխատողներ չկային սենյակում»:

Ավելին

 

Նախորդ հոդվածը‘Օդանավակայանում իրոք եղել են խնդիրներ. Պատվիրակությունն այսօր է մեկնել Բրազիլիա ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում կմասնակցի ALDE-ի համագումարին ‘