‘
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2014 թ. ամենաթանկարժեք սպորտային բրենդների անունները: Վարկանիշը բաղկացած է չորս կատեգորիաներից՝ մարզիկներ, ընկերություններ, միջոցառումներ և թիմեր: Այդ մասին հաղորդում է պարբերականի պաշտոնական կայքը:
Մարզիկների ցուցակում առաջատարը «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, որի անձնական բրենդն ամսագիրը գնահատում է 37 մլն դոլար: Նրան հաջորդում են գոլֆիստ Թայգեր Վուդսը (36 մլն) և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (32 մլն):
Ամենաթանկ սպորտային ընկերությունների ցուցակում են հայտնվել Nike-ն (բրենդի արժեքը գնահատվել է 19 մլրդ դոլար), ինչպես նաև ESPN-ն (16,5 մլրդ) և Adidas-ը (5,8 մլրդ):
Ամենաթանկարժեք սպորտային միջոցառումների ցանկը գլխավորում է Սուպեր Բոուլը (500 մլն դոլար), նրան հաջորդում են ամառային (348 մլն) և ձմեռային (285 մլն) օլիմպիական խաղերը:
Ամենաթանկ թիմերի ցուցակում առջևում բեյսբոլի «Նյու Յորք Յանկիզ» թիմն է (521 մլն), ապա գալիս են Մադրիդի «Ռեալը» (484 մլն) և «Բարսելոնան» (438 մլն):
Փոխանցում է lenta.ru-ն:
‘