‘Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ավետման տոնի առիթով’

925

Ամենայն Հայոց կաթողիկոս Տեր-Տեր Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական ծառայության, ուղերձում նշված է. «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց եւ օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
Ավետման տոնը առ Աստված փառաբանության եւ Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր խորհուրդն է կրում, ով իր մաքուր հավատի, համեստության ու խոնարհության շնորհիվ դարձավ Տիրոջ շնորհընկալը եւ օրհնյալ համարվեց կանանց մեջ:
Մեր մաղթանքն է, որ Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր եւ օրինակ լինի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի համար, որպեսզի ջերմ հավատքով ապրեն իրենց կյանքը եւ նվիրումով, ազնիվ ու բարի գործերի օրհնությամբ լցնեն իրենց ընտանեկան հարկերը եւ հոգեւոր ու ազգային մեր կյանքը:
Բոլոր տիկնանց ու օրիորդաց համար հայցում ենք գթառատ բարեխոսությունը Սուրբ Տիրամոր, որ նրա Որդու եւ մեր Տիրոջ օրհնության ներքո ապրեն խաղաղության մեջ, քաջառողջ, բարօր ու երջանիկ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. Ամեն»,- նշված է Գարեգին Բ-ի ուղերձում:

Նախորդ հոդվածը‘Գարրի Կասպարովը դուրս է եկել ընդդիմադիր շարժման ղեկավար շարքերից’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Երեւանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ’