‘Ամենասպառազինված երկրների ինդեքսում Հայաստանն առաջ է Ադրբեջանից’

963

Սպառազինությունների 2014 թվականի համաշխարհային ինդեքսում, որը կազմել է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են աշխարհի ամենասպառազինված երկրների տասնյակում:

Հատկանշական է, որ այդ ինդեքսով Ադրբեջանը, որի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական բյուջեն, զբաղեցնում է 10-րդ տեղը, մինչդեռ Հայաստանը գտնվում է 3-րդ տեղում: Զեկույցում նշված է, որ 2013 թվականին Հայաստանը և Ադրբեջանն ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Ասված է նաև, որ Ռուսաստանը երկու երկրին էլ զենք է մատակարարում: Փորձագետների կարծիքով, իրավիճակը վտանգավոր է և խաղացողները պետք է միջամտեն, որպեսզի կանխեն հետագա էսկալացիան:

Ամենառազմականացված երկիրն, ըստ զեկույցի, Իսրայելն է: Տասնյակում ընդգրկված են նաև Սինգապուրը, Սիրիան, Կիպրոսը, Հարավային Կորեա, Հորդանանը և Հունաստանը: ԱՄՆ գտնվում է 31-րդ տեղում:

Նշենք, որ ինդեքսը կազմվում է ռազմական ծախսերը ՀՆԱ ծավալի և առողջապահության ոլորտի ծախսերի հետ համեմատության միջոցով:

Նշենք, որ Հայաստանի ռազմական բյուջեն 2013 թվականին կազմել է 192 մլրդ դրամ, 2014 թվականին`192 մլրդ դրամ (մոտ 472 մլն դոլար): Ադրբեջանի ռազմական ծախսերը 2014 թվականին կազմել են 3,8 մլրդ դոլար, իսկ 2015 թվականին այդ գումարը կարող է աճել է ևս 1 մլրդ դոլարով: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը սրանից ավելի մեծ աջակցություն չէր կարող երազել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Կարեն Անդրեասյան. Հայաստանի աղքատության մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն են’