‘
Ավստրիան Ռուսաստանին է արտահանձնել խոշոր հանցախմբի ենթադրյալ պարագլուխ Ասլան Գագիևին (Ջակո), որը մեղադրվում է տասնյակ պատվիրված սպանությունների համար:
Ռուսաստանյան հետաքննության տվյալներով՝ Գագիևի ղեկավարած խմբավորումը պատասխանատվություն է կրում Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաևի, Հյուսիսային Օսեթիայի փոխքաղաքապետ Կազբեկ Պագիևի և Հյուսիսային Օսեթիայի մի շարք բարձրաստիճան ոստիկանների սպանությունների համար:
Բացի այդ՝ Ջակոն մեղադրվում է հանցախումբ կազմակերպելու, բանդիտիզմի և խարդախության հոդվածներով:
Ռուսաստանյան լրատվամիջոցները «Գագիևի բանդան» անվանում են երկրում ամենախոշոր հանցախումբը, իսկ Գագիևին՝ Ռուսաստանի ամենավտանգավոր քրեական հեղինակությունը:
Գագիևը միջազգային հետախուզման մեջ էր 2014 թվականից: Ավստրիայում, որտեղ նա փորձել է քաղաքական ապաստան ստանալ՝ պնդելով, թե Ռուսաստանում իր հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի (իբր՝ ինքը պայքարել է հանուն Հյուսիսային Օսեթիայի «վրացական կողմնորոշման»), նա ձերբակալվել է 2015 թ. հունվարին:
Փոխանցում է BBC-ն:
‘