‘Ամեն ինչ խառնվում է իրար, երբ խոսքը Հայ ազգային կոնգրեսին է հասնում ‘

1757

Հայաստանում բազմաթիվ քաղաքական կառույցներ կան` մեծ ու փոքր, «բազմադարյա» ու նորաթուխ, բազմաչարչար ու արտոնյալ: Շատ են ու քիչ չեն: Բոլորն իրենց «տների» խոսքուզրույցը հազար փակի տակ են պահում, ասում են` թիմ ենք, մեր խնդիրներն ինքներս կլուծենք: Համամիտ ենք, թե ոչ` այլ հարց է, բայց որ մինչեւ հիմա հասարակության շրջանում այս իրողությունը ջղակծկումների, հիստերիկ աղաղակների, երկարատեւ քննարկումների պատճառ չի դարձել` փաստ է: 
Ես ակտիվ ֆեյսբուքցի եմ եւ մինչ օրս չեմ տեսել, որ այդ մեծ ու փոքր, «բազմադարյա» ու նորաթուխ, բազմաչարչար ու արտոնյալ կառույցների որեւէ անդամ կամ համակիր բացեիբաց ներկայացնի իրենց խնդիրները, քննադատի «շեֆին», ասի` հասարակություն, եկեք քննարկենք այս հարցը, մի բան էլ դուք ասեք, գուցե օգնեք` դուրս գանք այս վիճակից: Խնդիրը չորս պատերից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ բանը հասնում է այնտեղ, որ մեկնումեկը կամ դուռը շրխկացնելով լքում է իր թիմը, կամ թիմն է ասում` «դավայ դասվիդանյա»: Անթերի՞ են այս կառույցները, խնդիրներ չունե՞ն, բոլորն իրարից գոհ են, չաղ ու բախտավո՞ր: Հնարավոր է: Այդպես էլ է պատահում: Իսկ պատահում է այն դեպքերում, երբ ոչինչ չեն անում, իրենց համար «քուջուջ են անում, գլուխները պահում»: Եւ սրանց, եւ իրենցից ինչ-որ բան ներկայացնողների դեպքում` իրենք աննման են, երբեք չեն սայթաքում, սխալներ չեն անում, իրենց «շեֆն» էլ համայն հայության փրկիչն է: Ու պատկերացրեք, ոչ մեկի դա չի զարմացնում, ոչ մեկը դրանից չի անհանգստանում, խաղաղ գոյակցում են բոլոր «աննմանները»:
Ամեն ինչ խառնվում է իրար, երբ խոսքը Հայ ազգային կոնգրեսին է հասնում: Պարզվում է` Կոնգրեսի խնդիրները ոչ միայն Կոնգրեսինն են, նաեւ մեծ ու փոքր, «բազմադարյա» ու նորաթուխ, բազմաչարչար ու արտոնյալ կառույցներինն են, որոնք այս հինգ տարվա ընթացքում միայն երազել են, որ Կոնգրեսն անհետանա երկրի երեսից ու դրա համար ոչ մի ջանք չեն խնայել: Դաս են տալիս պարոններն ու տիկիններն օրուգիշեր, հաշվետվություն են պահանջում, հանդուրժողականության կոչեր են անում` այն դեպքում, երբ իրենց հավին ես քշա ասում, ճանկերի անտառը դեպի դեմքդ է ուղղվում, որ երկու աչքդ մի բնով հանի: Սա ազնիվ կեցվածք չէ, բայց բացատրելի է` քաղաքական շահ ունեն, ուզում են քեզ թուլացնել, որ իրենք ուժեղ երեւան: Դե, եթե ուժեղ չեն, գոնե քո թուլությունից իրենք էլ կթուլանան ու հաճույք կստանան: Կպատահի: 
Եւ այս անառողջ, անազնիվ, սուբյեկտիվ, երկակի չափանիշներով առաջնորդվող ֆոնին եթե հենց կոնգրեսականներն են սկսում մամուլի, հեռուստատեսության (սերժիկի ու միշիկի), ֆեյսբուքի էջերում «անաչառորեն» քննադատել ու քննադատել Կոնգրեսին, ուզես-չուզես` մտատանջությունների մեջ ես ընկնում. «Նպատակդ ասա, ա՛յ ընկեր»: Ուզում ես, որ Կոնգրեսն ավելի լա՞վը դառնա: Մի կերպ հավատացինք: Ենթադրենք: Եւ այս «ազնվագույն» նպատակով եթե Կոնգրեսի սխալները (ըստ քեզ) դարձնում ես մեծ ու փոքր, «բազմադարյա» ու նորաթուխ, բազմաչարչար ու արտոնյալ կառույցների սեփականությունը, ի՞նչ է շահում դրանից քո «թանկագին» Կոնգրեսը՝ բացի կորցնելուց, բացի սրանց հորթային հրճվանք պատճառելուց: Միայն այն, որ տեսնում է, թե դու ինչքան լավն ես, իսկ Կոնգրեսը քեզ նման լա՞վը չէ: Դե, այդպես էլ ասա, ինչու՞ ես սարուձոր ընկնում: Բա ու՞ր մնաց թիմային պայքարը, ա՛յ ընկեր, բա ո՞ր գրողի ծոցը չքվեց «մենք մի հակառակորդ ունենք` գործող իշխանությունն է» նպատակը: Էդ որ` ողջ հասարակությանն ասում ես, որ քո թիմը վատ է աշխատում, էդ հասարակությունը, որ հիմնականում կողքից նայող դատավոր է` գիտակից, թե անգիտակից, քո ու քո թիմակիցների փոխարեն Կոնգրեսը կատարելագործելու՞ է, թե՞ երես է թեքելու Կոնգրեսից եւ այլ եզերքներում հենարան որոնի: Էլի՛ թող որոնի, բայց հո դու գիտե՞ս, ա՛յ ընկեր, որ այդ այլ «եզերքները» հուսալի հենարան չեն, ինչու՞ ես թուլացնում այն թիմին, ում հետ, հենց ըստ քեզ, հույսեր է կապում հասարակությունը:
Թե՞ այլեւս այդ կարծիքին չես: Թե՞ արդեն վստահ ես, որ Կոնգրես չկա, Կոնգրեսը դավաճանել է իր սկզբունքներին, Կոնգրեսն այլեւս ոչինչ չի կարող անել հասարակության համար: Դա էլ է տարբերակ: Եթե այդպես ես կարծում, ի՞նչ ես կորցրել չեղած տեղում, դու` այդքան ազնիվ, այդքան անդավաճան, այդքան սկզբունքային, այդքան ինքնազոհ: Գնա, ստեղծիր քո հզոր թիմն ու փրկիր Հայաստանը: Չե՞ս կարող մենակ ստեղծել, ավելի լավ է` ավերակների վրա՞ թագավորես: Դե, ազնվորեն բարձրաձայնիր, որ չես կարող: 
Թե՞ անունն է հնչեղ` Հայ ազգային կոնգրես: Գլուխդ կորցնիլ մի՛. հայոց լեզուն հարուստ է, ճկուն ու բարբարոս, ավելի հնչեղ անուն կգտնես: 

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է’
Հաջորդ հոդվածը‘Էտօ՛Օ-ն իր մասին կոմիքս է հրատարակում. Տեսանյութ’