‘«Ամեն սև բան Օթելլո չէ, մանչս»’

1772

«Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չի»,- ժամանակին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս դիտարկումն ընդունվեց որպես վերջինիս ինքնախոստովանություն, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, ինչպես արդեն մոտ 20 տարի է՝ ցույց է տալիս ժամանակը, պարզապես արձանագրում էր արել՝ զարմանալի ճշգրիտ արձանագրում:

«Քաղաքական գործիչ» ասելով` դեռևս մեծապես խորհրդային ժամանակների մտածելակերպով ապրող մեր երկրում շատերը հասկանում են բոլոր այն մարդկանց, ովքեր պարբերաբար ասուլիս են տալիս (առավել տառաճանաչները երբեմն նաև հոդված են գրում), ժամանակ առ ժամանակ «վերևների պորտը տեղը դնում», և պարզապես ում առնչվող լուրերը տեղ են գտնում պարբերականների «քաղաքականություն» բաժնում: Խորհրդային ժամանակների մարդու հոգեբանությամբ մեկի տեսանկյունից` այս ամենն, անշուշտ, հիացմունքի է արժանի, նույնիսկ այնքան, որ հերոսին կարելի է ընկալել որպես «քաղաքական գործիչ», մինչդեռ, ինչպես հայտնի է, ամեն սև բան Օթելլո չէ:

Իր հետևից հասարակության որոշակի շերտի տանելու հավակնողը, ենթադրաբար, պետք է հասարակությանը հուզող խնդիրների լուծումներ առաջարկի: Իսկ լուծումներ առաջարկելու, ելքեր որոնելու համար խելք, այնուամենայնիվ, պետք է: Բայց Հովիկ Աբրահամյանի վերոնշյալ՝ աֆորիզմ դառնալու հավակնող մտքի դիպուկությունն էլ հենց այն է, որ այսօրվա Հայաստանում «քաղաքական գործիչ» կոչվելու համար լուծում առաջարկելը պարտադիր չէ:

Իշխանությանը հաջողվել է ստեղծել մի միջավայր, որում քաղաքական գործիչ «դառնալու» համար բավական է կանգնել հրապարակում և հայտարարել, որ «այսօր այստեղ Աստված բացել է իր տիեզերքը», «զադնի չկա», կամ «կեցցե՛ Հայաստանը», որպես հաղթանակի հասնելու «ճանապարհ» կարելի է առաջարկվել հենց հրապարակում պաշտոններ բաժանել (ո՜նց չէինք մտածել) կամ Հայաստանից մեկնած 700 հազար քաղաքացիների շրջանում քարոզն իրենց կյանքի պլանավորման մասին` այնպես, որ համապետական ընտրության ժամանակ Հայաստանում լինեն՝ ռեժիմին զրկելով վերարտադրվելու հնարավորությունից (հիրավի՝ ստեղծարար (կրեատիվ) մոտեցում):

Այսկերպ վարվելու համար խելքի սուր անհրաժեշտություն կարծեք թե չի նկատվում (Հովիկ Աբրահամյանի ականջը կանչի):

Զարմանալի է, բայց վերջին 20-25 տարվա ընթացքում հասարակությանը հուզող, Հայաստանին սպառնացող խնդիրների մասին խոսել, վերլուծել և ելքեր է առաջարկել միայն մեկ մարդ՝ ՀՀ առաջին նախագահը: Տնտեսական խնդիրների հարթության մեջ վիճակը փոքր-ինչ լավ է. կան մի քանի անձինք (Հրանտ Բագրատյան, Բագրատ Ասատրյան, Էդուարդ Սանդոյան,…), ովքեր պարբերաբար այս կամ այն տնտեսական խնդրի լուծման ելքեր են առաջարկում: Դրանց հետ կարելի է համաձայնել, կարելի է՝ ոչ, կարելի է մեկը մյուսից լավը համարել, սակայն «քաղաքական դաշտում» վիճակն այս առումով իսկապես ողբերգական է: Ողբերգական է այն իմաստով, որ դաշտը, որպես այդպիսին, գոյություն չունի: Այն ներկայանում է Հովիկ Աբրահամյանի նշած՝ խելք չպահանջող ասպեկտով:

Այս առումով Հայ ազգային կոնգրեսը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակցությունից դուրս են: Դուրս են՝ ոչ թե այն պատճառով, որ ինձ փող են տվել՝ նման կարծիք հայտնելու համար, այլ որովհետև այլ հարթության մեջ են, որտեղ դեռևս մրցակիցներ չկան (դժբախտաբար): Վերցրեք առաջին նախագահի ցանկացած ելույթ՝ ցանկացած թեմայով: Դրանք ունեն հստակ կառուցվածք. իրավիճակի արձանագրում, գնահատական, ելք (կամ ելքեր):

Մինչդեռ այսօրվա Հայաստանում հնարավոր է եղել, որ մարդը երկու ժամկետ ՀՀ նախագահ աշխատի, բայց այդպես էլ չասի ոչինչ այն մասին, թե, ի վերջո, ինչպե՞ս է ինքը պատկերացնում մեր պետության համար այնպիսի կենսական հարցի լուծումը, ինչպիսին Արցախի խնդիրն է: Նույն «գծի մեջ» է նաև երկրորդ ժամկետով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը: Մինչ 2007-2008 թվականները նման իրավիճակ էր նաև ընդդիմության դաշտում:

Այս դաշտում մրցակցություն ստեղծելու համար հասարակությունը պետք է ավելի պահանջկոտ լինի: «Քաղաքական դաշտի» այսօրվա գլխավոր խնդիրը, ըստ էության, «քաղաքական գործիչներին» քաղաքական դաշտ բերելն է: Այսօրվա վիճակը միայն նպաստում է ռեժիմի հարատևմանը, երբ «քաղաքական գործիչների» (Աբրահամյանի նշած իմաստով) աղմուկով խլացվում է եղած քաղաքական խոսքը՝ բացառելով հնարավոր մրցակցության առաջացումը:

Նախորդ հոդվածը‘Ժողովրդագիր. Տարեկան կորցնում ենք բնակչության 1 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի մրցույթին կարող են նաեւ արտասահմանցիներ մասնակցել’