‘
ԱՄՆ հայերն ուշադիր հետևում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Այդ մասին այսօր հայտարարել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հայ համայնքն ինչպե՞ս է վերաբերվում Սարգսյանին, որ վարչապետ եղած ժամանակ առնչվում էր «օֆշորային սկանդալին», «Նաիրիտ» գործարանին, Սասունյանը հայտարարել է, թե ծանոթ է նախկին վարչապետին հասցեագրված «բոլոր նման մեղադրանքներին», սակայն ինքը «ոչ մի ապացույց չունի, հետևաբար, առայժմ ձեռնպահ է մնում որևէ գնահատականից»:
«Համոզված եմ, որ ԱՄՆ կառավարությունը նույնպես լսել է մեղադրանքների մասին, սակայն եթե Սարգսյանին ընդունել է որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, ապա հարկավոր է սպասել և հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը», — ասել է Սասունյանը:
‘