‘
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում դիմել Բարաք Օբամային` Հալեպում առկա իրավիճակին միջամտելու խնդրանքով:
ANCA-ն արդեն սկսել է #SaveAleppo արշավն այն առնչությամբ, որ քաղաքի հայ բնակչությունը վերջին օրերին գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածել են աղետի գոտու: Այդ առնչությամբ ANCA-ն կոչ է անում զանգահարել կամ գրել Օբամային և նրան կոչ անել ազդել գրոհայինների գործողությունների վրա` Հալեպի քրիստոնեական թաղամասերի ռմբակոծությունն անհապաղ դադարեցնելու, Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի նա բացի Եփրատի ջրերը դեպի Սիրիա:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին 4 հրթիռ էր ընկել Զվարթնոց եկեղեցու շրջակայքում, ինչի հետևանքով վիրավորվել էր Հարութ Իսկենյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Հունիսի 1-ին հայկական թաղամասի խաղաղ բնկաչությունը դարձյալ հթիռակոծվել էր: Նոր գյուղ հայկական թաղամասի գնդակոծության արդյունքում վիրավորվել էին Զարեհ Քահքեճյանն ու Հրաչյա Փայտյանը, որոնք հիվանդանոցում են: Մայիսի 30-ի երեկոյան սիրիացի գրոհայինները 22 «հրասանդ ռումբեր» էին արձակել հայկական թաղամասի վրա: Ռումբերի պայթյունից զոհվել էր 22 մարդ, 77-ը` վիրավորվել: Մայիսի 28-ին Դամասկոսի Ազազին թաղամասում ականի պայթյունի հետևանքով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ էին ստացել հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանները, որոնց վիճակը գնահատվում է որպես կայուն, սակայն նրանք բուժման կարիք ունեն:
Հայերը Սիրիայում բնակվում են, հիմնականում, Հալեպում և Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը կազմում էր շուրջ 80 հազար մարդ: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր ժամանել են Հայաստան, 5 հազարը մեկնել է Լիբանան: 2,5 տարվա ընթացքում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:
‘