‘
Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը հանդես է եկել ի պաշտպանություն Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) , որին վերջերս մեղադրել էին այդ երկրի տարածքում «հեղափոխություն» նախապատրաստելու մեջ, հաղորդում է Contact.az-ը:
Օրերս ադրբեջանական կայքերից մեկում հրապարակված «Երկու միլիոն դոլար՝ Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխություն» նախապատրաստելու համար» հոդվածին պատասխանելով՝ դեսպանատունը հայտարարել է, թե այդ հոդվածում առկա մեղադրանքներն «անհիմն են»: « Ժողովրդավարության ազգային ինստիտուտը և նրա տնօրենն աշխատում են աջակցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և նպաստել ժողովրդավարության զարգացմանը: NDI-ն բացարձակ թափանցիկ է Ադրբեջանի կառավարության առջև», պնդում են դիվանագետները:
Վերոհիշյալ հոդվածը հրապարակվել է մարտի 10-ին: Այնտեղ ասվում է, որ NDI-ի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորևսը «հեղափոխությունների փորձագետ է»: «Որտեղ էլ հայտնվի այդ, թվում է՝ արդեն ոչ այնքան երիտասարդ մարդը, այնտեղ անկարգություններ են սկսվում, որտեղ ոտք դնի՝ հեղափոխություններ են կատարվում, որոնք ավարտվում են սոցիալ-քաղաքական ֆորմացիաների փոփոխությամբ»,- գրում է հոդվածի հեղինակը (հիշեցնելով, որ 2000-ական թթ. սկզբին Գրիգորևսն աշխատել է Վրաստանում և Ուկրաինայում): Այնուհետև նշվում է, որ Ադրբեջանում իր գործունեությունն ընդհատելուց հետո (2011 թ.՝ «արաբական գարնան» ամենաթեժ օրերին, ադրբեջանական իշխանությունները հասան նրան, որ դադարեցրին NDI-ի տեղական ներկայացուցչության գործունեությունը, սակայն հետագայում այն վերսկսեց իր աշխատանքը) ինստիտուտն «ընդլայնեց երիտասարդության հետ աշխատանքի դաշտը՝ մշակելով սոցիալական ցանցերն օգտագործելու հատուկ ռազմավարություն»: Հոդվածի հեղինակը NDI-ի հետ է կապում նաև օրերս ընդդեմ խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակում զոհերի՝ բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր facebook-ի միջոցով: Վերջապես, հրապարակման մեջ ասվում է, թե վերջին մի քանի տարիներին Գրիգորևսը, գտնվելով Ադրբեջանում, իր բանկային հաշվեհամարից հանել է մոտավորապես 2 միլիոն դոլար՝ իբր՝ «ընդդիմադիր հանարահավաքներից առաջ»:
Ժողովրդավարության ազգային ինստիտուտն ստեղծվել է ԱՄՆ կառավարության կողմից, զարգացող երկրներում ժողովրդավարությունն առաջ մղելու նպատակով: Համարվում է, որ ինստիտուտը մասնակից է մի շարք երկրներում «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը, հաղորդում է lenta.ru-ն:
‘