‘Ամերիկացիները «նիհարել են» և կորցրել աշխարհի ամենագեր ժողովրդի կոչումը’

758

Ամերիկացիները տոնելու լավ առիթ են ստացել. ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգների բնակիչներն այլևս աշխարհի ամենագեր ազգությունը չեն: Առաջնության դափնիները նրանցից խլել են հարևան Մեքսիկայի բնակիչները: Զեկույցի համաձայն՝ այդ երկրում ավելորդ քաշից տառապում է չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդը (32,8 %): ԱՄՆ-ն զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, որտեղ, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գիրությունը չափահաս ամերիկացիների 31,8 %-ի առանձնահատկությունն է: Երրորդ տեղում Սիրիան է՝ 31,6 % ցուցանիշով, չորրորդ տեղը կիսել են Վենեսուելան և Լիբիան՝ 30,8 %:

Բացի այդ՝ «ամենայուղալի» տասնյակի մեջ են հայտնվել Տրինիդադը և Տոբագոն, Վանուատուն, Իրաքը, Արգենտինան և Թուրքիան: Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան ցուցակի 19-րդ հորիզոնականում են: Ցուցակի հակառակ ծայրում Ճապոնիան է, որտեղ գեր մարդիկ, ՄԱԿ-ի տվյալներով՝ կազմում են չափահաս բնակչության ընդամենը 4,5 %-ը:

ՄԱԿ-ի այս տարվա զեկույցում տվյալներ չեն ներկայացվում Ամերիկյան  Սամոա խաղաղօվկիանոսյան կղզի-տարածքի վերաբերյալ, որի բնակիչները նախկինում համարվել են երկրագնդի ամենագեր մարդիկ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2010 թ. տեղեկացրել էր, որ այդ տարածքի բնակչությունը գրեթե ամբողջությամբ (95%) տառապում է ավելորդ քաշից, հաղորդում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեի ասուլիսը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մանկական պոռնո-կայքեր այցելող էստոնացիները կպատժվեն’