‘Ամերիկացիների մեծ մասը հավատում է ուրվականների գոյությանը’

615

Ամերիկացիների մեծ մասը հավատում է ուրվականներին, թեև մի քիչ վախենում է դրանցից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ուրվականի հետ հանդիպումն անխուսափելի լինի, ապա ԱՄՆ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի կցանկանա, որ դա լինի Աբրահամ Լինքոլնի ուրվականը: ԱՄՆ տասնվեցերորդ նախագահը, որ սպանվել է 1865 թ. Վաշինգտոնում, ինչպես միշտ՝ վայելում է հայրենակիցների վստահությունն ու համակրանքը:

Այսպիսի արդյունքներ է գրանցել ավանդաբար Միացյալ Նահանգներում հոկտեմբերի վերջին օրը նշվող «չար ուժի տոնակատարության»՝ Հելլոուինի նախօրեին «Նիլսեն մեդիա ռիսերչ» ընկերության անցկացրած հարցումը, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան հազար մարդ: Հարցումն անցկացնելու պատճառներից մեկն էլ հեռուստաալիքներից մեկով պարանորմալ երևույթներին նվիրված գիտահանրամատչելի սերիալի ցուցադրության մեկնարկն է: Ինչպես պարզել են սոցիոլոգները, այս կամ այն կերպ՝ նման երևույթների ականատես է դարձել ԱՄՆ բնակչության ավելի քան կեսը: Հարցվածների 50 %-ից ավելին հայտարարել է, որ կյանքում թեկուզ մեկ անգամ իրեն վիճակվել է տեսնել, լսել կամ զգալ ինչ-որ արտասովոր մի բան, ինչը բնության օրենքների տեսանկյունից անբացատրելի է: Զարմանալի չէ, որ հարցվածների 79 %-ը հայտարարել է, որ հավատում է  ուրվականներին, իսկ 47 %-ը՝ այլմոլորակայիններին: Իսկ եթե ուրվականի հետ հանդիպումն անխուսափելի է, ապա ԱՄՆ բնակիչների 27 %-ը կուզենար, որ դա լիներ Աբրահամ Լինքոլնը: Նախընտրելի ուրվականների ցանկում երկրորդ տեղն զբաղեցրել է Մերիլին Մոնրոն: Աֆրոամերիկացիները, սակայն, գերադասում են հանդիպել Մարտին Լյութեր Քինգի կամ Մայքլ Ջեքսոնի հետ, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի խմբակցությունը հանդիպել է Ցաբրնոխին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Քոչարյանին. գուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք ‘