Ամերիկացի զինվորականները կրկին հավատո՞ւմ են ՉԹՕ-ներին

258

Պենտագոնը որոշել է կրկին զբաղվել ՉԹՕ-ների առեղծվածի ուսումնասիրությամբ և այդ նպատակով  հատուկ հետազոտական բաժին է ստեղծել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հինքսը։

Հրամանն արձակվել է հինգ ամիս անց այն բանից, երբ ամերիկյան հետախուզության գաղտնի զեկույցի հեղինակները չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ այլմոլորակային ՉԹՕ-ների գոյության հնարավորության շուրջ։ Նրանց հաջողվել է ճշմարտանման բացատրություն տալ վերջին 20 տարիներին այդպիսի օբյեկտների հայտնության 120 դեպքերի մեծ մասին, սակայն այլ, մասնավորապես՝ հրաձգարանների մերձակայքում ռազմական օդաչուների կողմից նկարահանված ֆենոմեններն այդպես էլ պատասխան չեն գտել։

Այսպես, դեռ անցյալ տարի Պենտագոնը հրապարակել է ծովային ավիացիայի օդաչուների նկարահանած և մինչ օրս անբացատրելի մի տեսանյութ՝ անհավանական արագությամբ ընթացող, ապա անհասկանալիորեն անհետացած օբյեկտների տեղաշարժը։

Նոր բաժինը առաջին հերթին կզբաղվի պետական անվտանգության կամ ռազմական գաղտնիքի տեսակետից խիստ հսկվող կամ ընդհանրապես թռիչքների համար  արգելված գոտիներում արձանագրված միջադեպերի հետազոտությամբ։ Բանն այն է, որ զինվորականները կասկածներ ունեն, թե խոսքը ոչ թե այլմոլորակային լրտեսների, այլ հենց երկրային հակառակորդների մասին է, որոնք մշակում  են ամերիկացիներին անհայտ տեխնոլոգիաներ։

Իսկապես, այս տարվա հունիսին Չինաստանը փորձարկեց հիպերձայնային մի սարք, որն ընդունակ է ավելի քան հինգ անգամ ձայնի արագությունը գերազանցող հրթիռներ արձակել։ Դա Պենտագոնին ստիպեց մտածել, որ Պեկինն արդեն այնպիսի տեխնոլոգիա է մշակել, որն ԱՄՆ-ում դեռ չեն հասցրել անել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի
Հաջորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանի ամանորյա «մտածումը». «ՉԻ»