‘Ամերիկացի պատանու՝ շուրջերկրյա թռիչք կատարելու փորձն ավարտվել է ողբերգությամբ’

658

Ամերիկացի անչափահաս Հարիս Սուլեմանը զոհվել է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում՝ միաշարժիչ ինքնաթիռով աշխարհի շուրջ պտույտ գործելու փորձ կատարելիս: 17-ամյա պատանուց բացի՝ ինքնաթիռում է եղել նրա հայրը՝ Բաբար Սուլեմանը: Հարիսը երազում էր ռեկորդ սահմանել՝ որպես ամենաերիտասարդ օդաչու:

Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին՝ ամերիկյան Սամոայի մայրաքաղաք Պագո-Պագոյի օդանավակայանից թռչելուց հետո, հաղորդել է CBS News-ը: Պատանու մարմինն արդեն հայտանբերել են ծովային պարեկները, իսկ նրա հոր ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Հարիսն ու նրա հայրը ճամփորդության էին դուրս եկել հունիսի 19-ին և մտադիր էին աշխարհի շուրջ պտույտ գործել 30 օրվա ընթացքում: Մինչև ինքնաթիռի կործանումը նրանք հասցրել էին լինել Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Խաղաղ օվկիանոսի հարավային մասում: Հարիսն օդաչուի վկայական էր ստացել այս տարվա հունիսին: Ողջ ճամփորդության ընթացքում օդանավը հենց նա է վարել: Հարիսը ուզում էր ոչ միայն համաշխարհային ռեկորդ սահմանել, այլև փող հավաքել՝ Պակիստանում դպրոցներ կառուցելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է Իսրայելի հետ զինադադար կնքելուց’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մահացել է Օսվենցիմի նախկին հսկիչը’