‘Ամերիկացուն անմեղ են ճանաչել 23 տարվա բանտարկությունից հետո ‘

770

 Ամերիկացի Դևիդ Ռանթային, որը սպանության մեղադրանքով 23 տարի անցկացրել է բանտում, երեկ ազատ են արձակել դատարանի դահլիճից՝ մեղքն ապացուցող փաստերի բացակայության հիմնավորմամբ:  Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Դևիդ Ռանթան Բրուքլինի դատարանի կողմից  1991 թ. դատապարտվել էր 37-ամյա կալանքի: Հետաքննության վարկածի համաձայն՝ 35 տարեկան Ռանթային, որն այն ժամանակ աշխատում էր տպարանում և թմրանյութեր էր օգտագործում, մեղադրել էին կողոպուտի անհաջող փորձ կատարելիս պատահական մարդու սպանության համար, և նրա դեմ դատարանում վկայություններ էին տվել մի քանի վկաներ: Դատապարտյալն ինքը երբեք չի ընդունել իր մեղքը: 2011 թ. հետաքննությունը վերսկսվել է, և վկաներից մի քանիսը հրաժարվել են իրենց նախկին ցուցմունքներից: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն քննիչներն են ստիպել սուտ վկայություն տալ:

Ամերիկյան երկու համալսարանների կողմից անցկացված հետազոտությունների համաձայն՝ 1989 թվականից ԱՄՆ-ում կալանքից ազատվել է ավելի քան 2000 մարդ, որոնց սխալմամբ դատապարտել են ծանր հանցագործությունների համար, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը կպարզեցվի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպան ունի’