‘Ամերիկյան առնվազն 200 կոնգրեսականներ հայց են ներկայացրել Թրամփի դեմ’

1582

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսի առնվազն 200 անդամներ կոլեկտիվ հայց են ներկայացրել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մեղադրելով նրան արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներից եկամուտ ստանալու արգելքը խախտելու համար:

Հայցվորների պնդմամբ՝ դա նախագահի դեմ օրենսդիրների ներկայացրած  ամենազանգվածային խմբակային հայցն է ԱՄՆ պատմության ընթացքում:

Ամերիկյան սահմանադրության համաձայն՝ նախագահին արգելվում է առանց կոնգրեսի թույլտվության նվերներ ստանալ օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներից: Մինչդեռ, պնդում են հայցվորները, պաշտոնակալությունից ի վեր Թրամփը դեռ ոչ մի անգամ թույլտվություն չի խնդրել արտասահմանյան կառավարություններից իր ընկերությունների ստացած վճարների համար: «Նախագահ Թրամփը շահերի բախում ունի աշխարհի առնվազն 25 երկրներում, և ըստ երևույթին՝ նա նախագահի պաշտոնն օգտագործում է իր եկամուտներն առավելագույնի հասցնելու համար»,- Reuters-ը մեջբերում է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Քոնիերսի խոսքը:

Անցյալ երկուշաբթի Թրամփի դեմ նույն հոդվածով դատական հայց են ներկայացրել նաև Մերիլենդի և Կոլումբիա շրջանի գլխավոր դատախազները:

Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը, մեկնաբանելով դատախազների հայցը, հայտարարել էր, թե դրա ետևում քաղաքական դրդապատճառներ են:

Թրամփի բիզնես-կայսրությունն ընդգրկում է 500-ից ավելի առևտրային կառույցներ, այդ թվում՝ հյուրանոցներ, գոլֆ-ակումբներ, բնակելի շենքեր: Դրանցից շատերի հետ համագործակցում են օտար պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները Հայաստանում եղան կատարյալ. Aysor.am ‘