‘
Ամերիկյան Politico ամսագրի ընթերցողները խիստ քննադատության են ենթարկել պարբերականը Բարաք Օբամայի դեմ մահափորձի մասին տողերի պատճառով: Պարբերականի խմբագիրը որոշել է հանել հոդվածից այդ տողերը:
Հոդվածում լրագրող Ռոնալդ Քեսլերը բացասաբար է արտահայտվել նախագահի Գաղտնի ծառայության աշխատանքի մասին՝ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակով զինված անձը կարողացել էր մուտք գործել Սպիտակ տուն: «Գործակալներն ինձ ասում են, թե այն, որ մինչև հիմա մահափորձ չի իրականացվել, կարելի է հրաշք համարել: Ցավոք, նկատի ունենալով Օբամայի՝ վարչական անձնակազմին ճիշտ գնահատական տալու անկարողությունը, ըստ երևույթին՝ միայն այդ աղետը կնպաստեր փոխելու Գաղտնի ծառայության աշխատաոճը»,- գրել էր լրագրողը:
Այս տողերի փոխարեն՝ հոդվածի վերջնամասում հայտնվել է խմբագրի ծանոթագրությունը. «Ընթերցողներից ոմանք ճիշտ չեն մեկնաբանել հոդվածի նախնական տարբերակի ավարտը՝ ենթադրելով, թե իր դեմ մահափորձ կատարվելու դեպքում նախագահն ինքը դրանում մեղավոր կլիներ: Դա միանգամայն սխալ ընկալում է, և մենք ցավում ենք, որ որևէ մեկն այդպես է մեկնաբանել այն, ինչ նկատի է ունեցել Քեսլերը»:
Ի դեպ, վերոհիշյալ միջադեպի կապակցությամբ այսօր Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլյա Փիրսոնը հրաժարական է տվել:
Փոխանցում է ria.ru-ն:
‘