‘Ամերիկյան հետախուզությունը հայտնաբերել է ռուսաստանյան «ուրվական-նավը»’

721

Ամերիկյան լրտեսող արբանյակները Ատլանտյան օվկիանոսի  հյուսիսային ջրերում հայտնաբերել են ռուսաստանյան «Լյուբով Օռլովա» նավը, որը կորել էր մեկ ամիս առաջ, հաղորդում է France-Presse գործակալությունը: Նավը, որտեղ ոչ մի մարդ չկա, և որի բոլոր սարքավորումներն անջատված են, լողում է Իռլանդիայի առափնյակից 2400 կմ հեռավորության վրա: Փետրվարի սկզբներին «ուրվական-նավը» նկատվել էր մեկ այլ նավից, սակայն այն ժամանակ նա համարյա անմիջապես անհետացել էր հորիզոնից:

«Լյուբով Օռլովան» կալանքի էին վերցրել Կանադայում 2010 թ.՝ նավատիրոջ պարտքերի համար: Նավաստիները երկար ժամանակ չէին կարողանում հեռանալ այնտեղից, ինչպես նաև՝ ստանալ իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը: 2012 թ. վերջին նավն, այնուամենայնիվ, որպես մետաղի ջարդոն՝ վաճառվել էր Դոմինիկյան Հանրապետությանը, սակայն ուժեղ փոթորկի ժամանակ քարշող փոկերը կտրվել էին, և նավն անհետացել էր: Այն ժամանակ արդեն նավի վրա մարդ չկար, դրա համար էլ առանձնապես ակտիվ որոնողական աշխատանքներ չէին տարվել: Կանադայի իշխանությունները հայտարարել էին, որ այլևս որևէ կապ չունեն նավի հետ, քանի որ այն լքել էր երկրի տարածքային ջրերը: «Լյուբով Օռլովայի» սեփականատերերը ևս մինչ այժմ ի հայտ չեն եկել: Առայժմ հայտնի չէ, թե ով պետք է զբաղվի «ուրվական-նավով»: Սակայն ինչ-որ միջոցներ անհրաժեշտ կլինի ձեռք առնել, քանի որ մթության մեջ առանց տարբերակիչ ազդանշանների լողացող նավը կարող է վտանգ ներկայացնել ուրիշ նավերի համար, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Վստահ եմ, որ «Միլանի» հետ պատասխան խաղում կշտկենք իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Իսկական իշխանական պատգամավոր. Սամվել Ալեքսանյան. Ոչ մի ելույթ, ոչ մի դեմ ‘