‘Ամերիկյան սենատոր Բեռնարդ Սանդերսը մտադիր է 2016 թ. առաջադրվել նախագահի պաշտոնում’

549

Ամերիկյան սենատոր Բեռնարդ Սանդերսը (Վերմոնթ նահանգից), թերևս՝ երկրում առաջին քաղաքական գործիչն է, ով հայտարարել է 2016 թ. երկրի բարձրագույն ղեկավար պաշտոնում առաջադրվելու իր հավակնությունների մասին: «Ես մտադիր եմ պայքարել նախագահի պաշտոնի համար»,- NBC հեռուստատեսությանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է սենատորը:

Սանդերսը հայտնի սենատոր չէ, ձևականորեն՝ նա որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ, սակայն քվեարկության ժամանակ սովորաբար միանում է դեմոկրատներին և մասնակցում է նրանց խմբակցության աշխատանքներին: Ուստի, նրա իսկ խոսքով՝ 2016 թ. նա կառաջադրվի կամ որպես անկախ թեկնածու, կամ էլ կփորձի առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Ենթադրվում է, որ նա, ամեն դեպքում, կարող է մրցակցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը համարվում է դեմոկրատների ամենահավանական թեկնածուն:

Եթե Քլինթոնն, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել, ապա սկզբնական ընտրություններում 73-ամյա սենատորը հազիվ թե կարողանա նրանից առաջ անցնել, սակայն վնասել և անկախ ընտրողների մի մասի ձայնը տանել կարող է: Այդ տեսակետից՝ Սանդերսի պլանները կարող են շահավետ լինել հանրապետականների համար: «Ես հարգում եմ Հիլարիին, սակայն այստեղ հարցը Քլինթոնը չէ, այլ այն քաղաքականությունը, որը կվարի ամերիկյան հաջորդ վարչակազմը»,- itar-tass-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սանդերսը:

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել’