‘ԱՄՀ-ն Հայաստանի իշխանություններին տալիս է լրացուցիչ 51,43 միլիոն ԱՄՆ դոլար փոխառելու հնարավորություն’

906

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհրդի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգման եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ 51,43 միլիոն ԱՄՆ դոլար փոխառելու հնարավորություն՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով մոտ 324,4 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: 

«Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների դիմումին՝ շուկայում անսպասելի ճնշումների հետևանքով զուտ պաշտոնական միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափի՝ 2012 թվականի հունիսի վերջի համար սահմանված կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն անելու և 2012 թվականի դեկտեմբերի վերջի համար կատարողականի նույն չափորոշիչը փոփոխելու մասին»,- ասաց Տոլոսան:

Նա տեղեկացրեց, որ Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է նաև Հայաստանի հետ IV հոդվածի շրջանակում իրականացվող խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվում են միջնաժամկետ տեսանկյունից տնտեսական քաղաքականությունը, և քննության է առել Հայաստանի հետ Հիմնադրամի փոխհարաբերությունների վերաբերյալ Փաստացի գնահատման վերանայված զեկույցը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել քվեարկությանը’
Հաջորդ հոդվածը‘Կալանավոր. Երբ որ ընտրությունները վերջանում են, մեզ մոռանում են մինչև մյուս ընտրությունները (Ֆոտոշարք Նուբարաշեն ՔԿՀ-ից)’