‘ԱՄՆ Բաքվին կոչ է անում անցկացնել հայ գերու մահվանն առնչվող միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն և հրապարակել արդյունքները’

919

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի` Ադրբեջանում գերության մեջ մահվան վերաբերյալ հաղորդումների և այն պնդումների առնչությամբ, թե նրա մահը բնական պատճառներով չէր հարուցված: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի հայտարարությունում` ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցմանը:

«Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անցկացնել այդ միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն և հրապարակել արդյունքները», — ասվում է հայտարարությունում:

Խոսնակի գրասենյակը նաև Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում է միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց ստանձնած պարտավորությունների մասին, մասնավորապես` գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի հարցում: «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տրամադրել բոլոր գերիներին այցելելու հնարավորություն», — ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի պնդմամբ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը եղել է  սուր սրտանոթային անբավարարությունը: Սակայն հայկական կողմը պնդում է, որ նա մահացել է խոշտանգումների արդյունքում, քանի որ Կարենը ոչ մի հիվանդությամբ չէր տառապում, մասնավորապես` սրտանոթային անբավարարությամբ: Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարենի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին են խոսում նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները: Հայկական կողմը նյութեր է հավաքում Ադրբեջանում գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ միջազգային ատյաններ դիմելու համար: Նաև բանակցություններ են վարվում զոհվածի դիակը Հայաստան վերադարձնելու շուրջ:

Նախորդ հոդվածը‘«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է բերանն ու աչքերը, կտրել ոտքի մատը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հայաստան կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ’