‘ԱՄՆ, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանները կոչ են արել դադարեցնել քրեական հետապնդումը Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ’

1777

Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, Գերմանիայի  դեսպան Ռայներ Մորելը, Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը և Եվրամիության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն իրենց զորակցությունն են հայտնում Սիվիլիթաս հիմնադրամին և կոչ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել  հիմնադրամի նկատմամբ քրեական հետապնդումը: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր` մարտի 27-ին, Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված մամուլի ասուլիսին:

«Սիվիլիթասը և ՍիվիլՆեթը մեզ համար կարևոր գործընկերներ են: Նրանք չափազանց կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում, և հենց դրանով է պայմանավորված, որ  դեսպանատների ներկայացուցիչները սերտորեն աշխատում են Սիվիլթասի հետ»,- Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքերն է մեջբերում civilnet.am-ը:  Դիվանագետը նաև ասել է, որ հիմանդրամի հետ իրականացրել են մի շարք ծրագրեր, որոնք կատարվել են նախատեսված ժամկետների և բյուջեի սահմաններում:

«Հայաստանը համապատասխան հավակնություններ ունի օրենքի գերակայության վերաբերյալ, սա էլ համապատասխան քննություն է: Սիվիլիթաս հիմնադրամին ներկայացվող մեղադրանքները պետք է հիմք ունենան: Մինչ այսօր ես իրական հիմքերի մասին տեղյակ չեմ»,- ասաց Գերմանիայի  դեսպան Ռայներ Մորելը` հավելելով, որ նմանատիպ դեպքերում Հայաստանը վնաս է հասցնում այն դրական իմիջին, որը ձևավորվում է քաղաքական զարգացումների ընթացքում որոշումներ կայացնելիս:

Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ընդգծեց, որ ասուլիսը հրավիրվել է հենց դեսպաններին նախաձեռնությամբ:

ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), «փողերի լվացման» հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին:

Նախորդ հոդվածը‘«Լիսկայի Զարզանդը» ոստիկանությունում ինքնախոստավանական ցուցմունք գրեց ու… բաց թողնվեց ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Էլբակյան. Որեւէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել’