‘ԱՄՆ «Գրին քարտ»-ի խաղարկության գրանցման գործընթացը մեկնարկել է’

1012

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է ՙԲազմազանության արտոնագիր՝ վիճակախաղի 2014թ. խաղարկության գրանցման գործընթացը սկսելու մասին: 2014թ. վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն  էլեկտրոնային տարբերակով՝ սկսած երեքշաբթի օրվանից,  2012թ.  հոկտեմբերի 2-ից  (արևելյան ամառային ժամանակով  12:00-ից (Գրինվիչ-4)) մինչև  շաբաթ, 2012թ. նոյեմբերի 3-ը ( արևելյան ամառային ժամանակով (Գրինվիչ-4)): Մասնակցության համար  պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքն ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն/առցանց դիմում: Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում: Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո դիմումներն այլևս չեն ընդունվի:

Ինչպես ilur.am-ին տեղեկացրեցին ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից, Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված «Ներգաղթային ակտ»-ի 131 հոդվածը, որով լրամշակվեց «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է որպես «Ներգաղթողներ բազմազանության ապահովման համար»: Այս օրենքի  203(գ) հոդվածի համաձայն՝ ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55 000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:

Ամենամյա այս ծրագրի շրջանակում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Այս արտոնագրերը բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող արտոնագրերի 7 տոկոսից ավելին: 2014թ. խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում այս տարի տեղ է գտել Գվատեմալան:

Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացում: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց և որակավորված լինեն արտոնագիր ստանալու  համար:

Պետքարտուղարությունը 2005թ. ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքներն ու այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից:

«Բազմազանության արտոնագիր» 2014թ. խաղարկության Էլեկտրոնային եղանակով մուտքագրման և հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ www.dvlottery.state.gov կայքից:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նյու-Յորրքում կցուցադրվեն Ջոն Լենոնի բացառիկ ճեպանկարները ‘