ԱՄՆ դատարանը պատժել է Թրամփի շահերը ներկայացնող փաստաբաններին

488

ԱՄՆ շրջանային դատավոր Լինդա Փարքերը Միչիգանում Դոնալդ Թրամփի փաստաբանների ներկայացրած հայցադիմումն անվանել է « դատական գործընթացի կոպիտ շահարկում»։

Փարքերը հայտարարել է, որ իրավաբանները ցանկացել են այդպիսով խարխլել ընտրական համակարգը։ Թրամփի փաստաբաններից մեկը՝ Սիդնի Փաուելը, պնդում էր, թե էլեկտրոնային քվեարկության համակարգերը միլիոնավոր քվեներ են կեղծել։

«Այս գործը երբևէ խարդախության գործ չի եղել։ Դրա նպատակը մեր դեմոկրատիայի հանդեպ մարդկանց հավատը խարխլելն ու մեր դատական համակարգը նսեմացնելն է»,- գրել է դատավոր Փարքերը 110 էջանոց դատավճռի մեջ։

Դատավորը փաստաբաններին պարտավորեցրել է վճարել իրենց ընդդիմախոսների՝ Դեթրոյթ քաղաքի և Միչիգան նահանգի դատական ծախսերը և 12-ժամյա իրավաբանական կրթություն ստանալ։

Թրամփի շահերը ներկայացնող փաստաբանները 2020 թ․ նախագահական ընտրություններում նրա պարտությունից հետո մի շարք դատական հայցեր էին ներկայացրել ԱՄՆ տարբեր նահանգների քաղաքներում։ Այդ բոլոր հայցերը մերժվել էին՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։

Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքեց՝ այդպես էլ չընդունելով իր պարտությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹոմաս Տուխելը՝ ՉԼ նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածըNYT․ Բելառուսին մեղադրում են միգրանտներին ԵՄ-ի դեմ որպես գործիք օգտագործելու մեջ