‘ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. Իսկ ո՞ր դեսպաններն են կանչվել ՀՀ ԱԳՆ’

1162

Թուրքիայի դատական համակարգի քննադատությամբ հանդես եկած ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal պարբերականը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին ԱԳ նախարարություն է կանչել Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թուրքիայում իրարանցում էր առաջացրել Ռիկարդոնեի հայտարարությունը երկրի դատական համակարգի վերաբերյալ, որտեղ քննադատել էր զինվորների և լրագրողների չհիմնավորված ձերբակալությունները: «Արդեն բավական երկար ժամանակ է, որ թուրքական բանտերում փակված են մի շարք պատգամավորներ, որոնց մեղքը հայտնի չէ: Նույն կերպ երկաթե ճաղերի հետևում են հայտնվել նաև շատ զինվորական առաջնորդներ, որոնք մի ժամանակ կատարել են երկիրը պաշտպանելու իրենց պարտականությունը, ցուցարար ուսանողներ, պրոֆեսորներ: Մարդիկ չպետք է ազատազրկվեն սեփական մտքերն ազատ արտահայտելու համար»,- ասել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, ով հերթական անգամ խոսել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բարեփոխումների փաթեթ մշակելու և այն նոր Սահմանադրության մեջ ներառելու անհրաժեշտության մասին:

Այս ամենն առավել ուշագրավ է ներհայաստանյան զարգացումների ֆոնին: Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարարն ու փոխնախարարը երեկվանից դատապարտում են Հայաստանում Լեհաստանի դեսպանին՝ Հայաստանի ներքին գործերի մեջ խառնվելու համար, չնայած, որևէ բողոքի նոտա կամ ԱԳՆ կանչելու քայլ չի արվել: Առավել տարօրինակ է այն, որ ԱԳՆ-ն անգամ նույնկերպ չի արձագանքել մինչ այդ ԱՄՆ, ՌԴ և Մեծ Բրիտանիայի դեսպանների կողմից՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ արված հայտարարություններին:

Նախորդ հոդվածը‘Եմենում Տասը մարդ զոհվել է զինապահեստում որոտացած պայթյունի հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Մեկ տոննա հերոին տարածած թմրաբարոնին արտահանձնել են Ռուսաստանին ‘