‘ԱՄՆ դեսպանը հարգանքով է ընդունում խոցված ուղղաթիռի հարցում ՀՀ ՊՆ հետեւողականությունը’

1063

Խոցված հայկական ինքնաթիռին առնչվող միջադեպի նկատմամբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիրքորոշումը հարգանք է հարուցում, քանի որ այդ իրավիճակում նրա համար առաջնային խնդիրն անձնակազմի դիակները վերադարձնելն էր: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Եվ դա հաջողվեց անել: Ես չեմ կարող հարգանք չտածել նրա հետևողականության և սկսած գործն ավարտին հասցնելու ունակության հանդեպ», — հայտարարել է Հեֆերնը, հիշեցնելով, որ ավելի վաղ Օհանյանը դիմել էր Մինսկի միջնորդներին, խնդրելով հանդես գալ հայտարարությամբ, որում Բաքվին կոչ էր արվում հնարավորություն տալ վերադարձնելու հայ անձնակազմի դիակները:

«Ուղղաթիռին առնչվող միջադեպից երկու օր անց մենք հանդիպեցինք: Այնուհետև ես հեռախոսով կապվեցի Մինսկի միջնորդների հետ, ինչին հետևեց Բաքվին ուղղած համանախագահների կոչը` հնարավորություն տալ դուրս բերելու հայ անձնակազմի դիակները», — պարզաբանել է ամերիկացի դիվանագետը:

Նրա ասելով, պարզ չէ, թե դա որքանով օգնեց գործին, սակայն իր համար կարևորն այն է, որ միջնորդները բավարարեցին հայ նախարարի խնդրանքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության  ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակի» ապագան՝ պայծառատեսների գուշակությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալել են ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդկանց’