‘ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ ‘

710

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին iLur.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 

Հիշեցնենք, որ երեկ համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են հերթական համատեղ Doing Business 2013 զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը՝ բիզնեսի դյուրինության սանդղակում վեր բարձրանալով 23 կետով:  

Դեսպան Հեֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարևորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում: 

Դեսպանը նաև հիշատակել է հարկերի վճարման և ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: 

Հեռախոսազրույցի ավարտին Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման և, մասնավորապես, գործարար միջավայրի բարելավման նպատակով: Ի պատասխան` Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել համագործակցությունը շարունակելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը:

Նախորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը պառակտել է Wal-Mart-ի հիմնադիրների ընտանիքը ‘