‘ԱՄՆ դեսպանը ողջունել է աբխազական երկաթուղու բացման հեռանկարը’

1207

Նախօրեին ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի  անդամների հետ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի 2,5 ժամ տևած գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել են, գործնականում, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգի բոլոր հարցերը:

Հանդիպմանը մասնակցած ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը ԱրմԻնֆոյին տեղեկացրել է, որ հանդիպմանը խոսք է գնացել թե ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման մասին, ինչի առնչությամբ Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ Վաշինգտոնը հարգում է Հայաստանի ընտրությունը, թե տնտեսական իրավիճակի, թե հայ-ամերիկյան համագործակցության, թե տարածաշրջանային գործընթացների մասին:

Ինչպես հավաստիացրել է Նիկոյանը, հանդիպման ընթացքում դեսպանը չի շոշափել վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստների մեքենաների հրկիզմանն ու նրանցից մեկի ծեծին առնչվող միջադեպերը:

Փոխարենը` հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղու աբխազական հատվածի բացման հեռանկարներին, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին: Այդ առնչությամբ ամերիկացի դեսպանն ընդգծել է, որ ողջունում է Հայաստանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ցանկացած հնարավորություն, և շատ լավ կլինի, եթե երկաթուղու աբխազական տեղամասը վերագործարկվի, քանի որ դա կհանգեցնի Հայաստանի տնտեսության աշխուժացման և, որպես արդյունք, ողջ տարածաշրջանի տնտեսական իրավիճակի շախուժացման;

Նշենք, որ երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցն արդիականացել է Մոսկվայի և Սուխումի միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի ստորագրման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հայտարարությունից հետո: Պուտինը, մասնավորապես, ընդգծել էր. «Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել և ընդհանուր համաձայնությամբ իրականացնել այդ նախագիծը, օրինակ, որպես երկաթուղային տրանզիտային հաղորդակցություն` Սուխոմի, Թբիլիսիւ ուղղություններով, իսկ հետագայում դեպի Հայաստան, իսկ մյուս կողմից` դեպի Ռուսաստան»: 

Ուշագրավ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը սուր քննադատության էր ենթարկել Մոսկվայի և Սուխումի միջև ստորագրված պայմանագիրը, ընդգծելով, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և հայտարարելով, թե նման փաստաթղթերը միայն սրում են իրավիճակը տարածաշրջանում: Թբիլիսին նույնպես հայտարարել էր, որ երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցը կարող է լուծվել միայն իր թույլտվությամբ:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայհիդրոմետը կանխատեսում է տաք դեկտեմբեր’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Չէ՞ որ, այնուամենայնիվ, Ծննդյան տոներ են»’