‘ԱՄՆ դեսպան. Թուրքիայի կողմից 1915թ. զանգվածային սպանությունների լիարժեք ճանաչումը բխում է Անկարայի և Երևանի շահերից’

955

Թուրքիայի կողմից 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում զանգվածային սպանությունների լիարժեք ճանաչումը բխում է Անկարայի և Երևանի շահերից, Hurriyet Daily News-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նրա խոսքով, Թուրքիայի կողմից սեփական պատմության ողբերգական էջերի ճանաչումը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման: Ըստ որում, նա գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ վերջին տարիներին 1915 թ. իրադարձությունները, որոնք  դեսպանը համառորեն  խուսափում է ցեղասպանություն անվանել, սկսել են ակտիվորեն քննարկվել թուրք հասարակությունում: Այս համատեքստում նա  կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահն ընթացիկ տարվա ապրիլին իր ելույթներից մեկում «ցավակցություն է հայտնել» Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ իր կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չի փոխվել: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության  տարելիցի կապակցությամբ իր ամենամյա ուղերձում օգտագործում է «Մեծ եղեռն» հայերեն բառակապակցությունը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը որոշել է մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդու Սանտուշ. «Հայաստանի հավաքականը մի պահ սկսեց հավատալ, որ կարող է հանդիպումն ավարտել 0:0» ‘