‘
Հայաստանը պետք է տարածաշրջանում փորձի առավել բարելավել հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչ-որ մի պահի՝ Ադրբեջանի հետ, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով, Հայաստանում շատ ու շատ խնդիրներ՝ տնտեսական, սոցիալական եւ կոռուպցիա եւ այլն, պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով: «Ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում», — ասել է նա։
Դեսպան Միլսի խոսքով, Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։
«Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական և տնտեսական կապեր կան երկու երկրների միջև։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։ Հայաստանը պետք է և′ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, և′ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ», — նշել է ամերիկացի դիվանագետը։
Խոսելով ներքին մարտահրավերների մասին, դեսպան Միլսն ասել է, որ ամերիկացի ներդրողների, գործարարների, նաև՝ հայաստանցիների հետ շփումներից գիտի, որ հիմնական խնդիրներից է հաշվետվողականության բացակայությունը։ Ըստ նրա, կա այն ընկալումը, թե հասարակության մեջ չկան հավասար պայմաններ։
«Խոսքը դատական համակարգից կամ պետական ծառայություններից օգտվելու դեպքերին է վերաբերում։ Եթե այլ բառերով սա բնորոշենք, դա թափանցիկության բացակայության կամ կոռուպցիայի առկայության խնդիրն է։ Բայց, միևնույն ժամանակ, կան նաև հուսադրող հանգամանքներ», — ասել է Ռիչարդ Միլսը։
Մանրամասները՝ այստեղ
‘