‘
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի` Թուրքիա կատարած այցից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցելությունից հետո պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատում է իրենց դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում` պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը պետք է բացառել: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետքարտուղարության փոխխոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վենթրելը:
«Մենք միանշանակորեն շարունակում ենք հավատարիմ մնալ նախկինում ստանձնած մեր հանձնառությանը` աշխատել երկու կողմերի հետ խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: Մենք համոզված ենք, որ խնդիրը զենքի ուժով լուծել անհնարին է, եւ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ ռազմական ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքներից», — նշում էր ամերիկյան Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` պատասխանելով ճեպազրույցին ներկա ադրբեջանցի լրագրողի հարցին:
Վենթրելը ասաց, որ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը անփոփոխ է նաեւ հայ — թուրքական հարաբերությունների բարելավման առումով:
Ամերիկացի դիվանագետը չի հերքում մամուլում հայտնված տեղեկությունները, թե հայ — թուրքական սահմանի բացումն ու Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարները եղել են Ջոն Քերրիի` Թուրքիա կատարած այցի օրակարգում:
«Դա այն խնդիրներից է, որ մենք շարունակաբար արծարծում ենք մեր թուրք գործընկերների հետ շփումներում», — նշել է Պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատարը:
‘