‘ԱՄՆ-ը Ասադի խաղաղ պլանն անվանել է «իրականությունից կտրված»’

529

ԱՄՆ պետդեպարտամենտը Սիրիայում իրավիճակի կարգավորման՝ Բաշար Ասադի ներկայացրած պլանն անվանել է «իրականությունից կտրված»,  հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը կրկին պնդել է, որ Ասադը պետք է լքի Սիրիայի նախագահի պաշտոնը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն ընդգծել է, որ Ասադի ճառն ընդամենը «ռեժիմի հերթական փորձն էր՝ պահպանելու իշխանությունը, ինչը ոչ մի կերպ չի նպաստում երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու՝ սիրիացի ժողովրդի նպատակների իրականացմանը»: Ասադի պլանը, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում, «կտրված է իրականությունից, ի դերև է հանում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի ջանքերը և նպատակաուղղված է միայն նրան, որպեսզի վարչակարգին հնարավորություն տա շարունակելու Սիրիայի ժողովրդի արյունալի ճնշումը»:

Բաշար Ասադը Սիրիայում իրավիճակի կարգավորման իր առաջարկները ներկայացրել է Դամասկոսի օպերային թատրոնում ունեցած  55 րոպեանոց ելույթի ընթացքում: Ասադը հայտարարել է, որ երկրում ստեղծված ծանր վիճակի համար պատասխանատվություն են կրում արտասահմանից ժամանած ահաբեկիչները, ինչպես նաև երկրի այն քաղաքացիները, ովքեր աջակցել են ահաբեկիչներին: Ասադը նաև հայտնել է, որ պատրաստ է բանակցել, բայց միայն ահաբեկիչների «տերերի», այլ ոչ թե հենց իրենց՝ «ստրուկների» հետ: Ելույթի վերջում Ասադը կրկին խոստացել է երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել, համաներում հայտարարել՝ ըստ սահմանադրության նոր նախագծի, ինչպես նաև՝ համընդհանուր ազատ ընտրություններ անցկացնել:

Նախորդ հոդվածը‘Համլետ Կիրակոսյան. Նա արժանապատվորեն ընդունեց ե՛ւ անեծքը, ե՛ւ օրհնությունը’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն կուսումնասիրի նախագահական ընտրությունների թեկնածուների փաստաթղթերը’